Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/33

Այս էջը հաստատված է

Վերջապես, ժամը 11-ին ես ցանկություն հայտնեցի հեռանալ, որովհետև հոգնեցի չափազանց ուշադրությունից:

Վերջին անգամ նայեցի արաբուհուն և տեսա, որ թախծել էին նրա աչքերը: Մր. Շիլդը չցանկացավ իմ օձիքը բաց թողնել, նա առաջառկեց տանել ինձ իմ բնակարանը իր սեփական ավտոմոբիլով: Շատ պնդեցի, որ ավելորդ նեղություն է հանձն առնում իմ նոր բարեկամը, բայց նա համառեց, իսկ Թտլիբի դուստրը էլի իր նայվածքներով խնդրում էր ինձ՝ չմերժել իր ամուսնու առաջարկածպատիվը:

Համաձայնեցա: Արաքուհին ինձ ճանապարհ գրեց հենց իրենց հյուրասրահից: Մր. Շիլդի հետ ես իջա ներքև, բնակարանի ետևի կողմը, որտեղ գտնվում էր սեփական գարաժը: Շիլդն անձամբ «ոգևորեց» մեքենան և ինքն էլ սկսեց քշել:

Երբ մենք ճանապարհ ընկանք, Շիլդը լռեց:

Այդ շատախոս մարդը կարծես ոչինչ չուներ խոսելու:

-Երևի, ինչ որ գիտեր, սպառեց արդեն,- մտածեցի:

Նա մեքենան քշում էր աննկարագրելի արագությամբ, տալով ինձ թռչելու մոտավոր պատրանքը, այնպես որ ես ստիպված եղա հիշեցնել մր. Շիլդին Նյու-Յորք քաղաքի անցուդարձային օրենքները:

-Ա՜հ, դուք օրենքի մասի՞ն եք խոսում,- հանկարծ բացականչեց մր. Շիլդը:

Նրա ձայնը հնչեց արտակարգ տարօրինակ, կարծես միևնույն մարդը չէր այլևս: Նա ինձ չէր նայում, կծել էր սիգարը, ուղիղ նայում էր ճանապահի երկարությամբ և հետըզհետե ավելացնում մեքենայի թափը: Սկզբում միամտորեն վերաբերվեցի, բայց հանկարծ իմ մեջ ծագեց այն միտքը, թե չլինի՞ այս մարդը հեղակարծորեն սկսեց կորցնել իր դատողությունը:

Մի անգամ էլ ուզեցի ստուգել նրա մտավիճակը:

-Մր. Շիլդ, ի՞նչ կարիք կա ավելորդ տուգանք վճարելու:

-Օրենքը լավ բան է, տուգանք վճարելն էլ լավ բամ է,- պատասխանեց մր. Շիլդը բոլորովին անհասկանալի ինտոնացիայով: