Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/35

Այս էջը հաստատված է

— Ես ձեր բարոյականը չեմ որդեգրի երբեք:

— Որդեգրել կտամ:

— Ի՞նչ եք ուզում ասել վերջապես:

— Վերջին անգամ լինի, որ դուք տեսնում եք իմ կնոջը. ես միայն իմ կնոջը խնայեցի, եթե ոչ որոշել էի սպանել ձեզ իմ տան մեջ:

— Այսքա՞ն:

— Առայժմ այսքան:

Նա դրեց ատրճանակն իր գրպանը և հարեց.

— Գուդ-բայ...

— Գուդ-բայ...

Շիլդը հեռացավ իր ավտոմոբիլով, իսկ ես քայլեցի դեպի ստորերկրյա տրամվայի կայարանը:

Ամբողջ գիշեր ինձ մի միտք էր տանջում` չլինի՞ թե միստր Շիլդն իրան հերոս կարծեց:

5

Հաջորդ օրն իսկ, առավոտյան ժամը 10-ին իմ դեմ կանգնեց մեր վաճառատան համազգեստ հագած մի բոյ (տղա), որ շենքում սուրհանդակի պաշտոն էր վարում և երկարացրեց մի այցետոմս: Այցետոմսը վաճառատան տիրոջ այցետոմսն էր, որի վրա գրված էր, — Հաճեցեք մի րոպեով անցնել ինձ մոտ:

— Որտե՞ղ է այժմ նա, — հարցրեցի բոյին:

— Օֆիսումն է, — պատասխանեց բոյը:

— Շատ լավ:

Ինձ ընդունեց քաղաքավարությամբ և սիգար առաջարկեց:

— Դուք չափազանց վիրավորել եք մեր կարևոր հաճախորդներից մեկին, — սկսեց վաճառատան տերը:

— Չեմ հիշում, թե որևէ հաճախորդի վիրավորած լինեմ:

— Դուք վիրավորել եք մր. Շիլդին, ջայլամի փետուրի վաճառականին:

— Ես նրան երբեք չեմ վիրավորել. ամենայն