Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/47

Այս էջը հաստատված է

շորերը հանեց և պառկեցրեց նրան փափուկ մահճակալի վրա: Գերտրուդը լայնորեն հրճվեց այդ բոլորից. նրան թվաց,որ երազումն է: Դեռևս բոլորովին չէր քնել, աչքերը հեշտավետ կերպով փակվում էին և բացվում, երբ զգաց, որ մի տաք շունչ մոտեցավ իր շրթներին ու համբուրեց իրեն: Գերտրուդը ցնցվեց, աչքերը խոշոր բաց արեց և ահաբեկված նայեց քաղաքի վաճառականին:

— Քնեցե՜ք, քնեցե՜ք:

Գերտրուդն էլի փակեց աչքերը: Այս անգամ քաղաքի վաճառականը կիսաբաց արավ նրա վերմակը և գրկեց նրան: Գերտրուդը չդիմադրեց:

Առավոտյան Գերտրուդը խնդրեց քաղաքի վաճառականից, որ իր համար մի գործ ճարի:

— Իսկույն ևեթ, — պատասխանեց քաղաքի վաճառականը ու նրան տարավ Չիկագոյի Ավտոընկերության գրասենյակը, որի ագենտն էր ինքը` վաճառականը, և կարգադրեց, որ շաբաթական 6 դոլլարով նրան մի գործ տան: Կեսօրին Գերտրուդն սկսեց աշխատել: Նրա գործն էր ընդարձակ գրասենյակում նմուշի համար դրված ավտոմոբիլների փոշին մաքրել, լուսամուտները սրբել, սեղանները, աթոռները փայլեցնել, շենքի առաջի մարմարյա տրոտուարը մաքրել օրական մի քանի անգամ:

Գերտրուդը մի քանի օր էլ մնաց հյուրանոցում քաղաքի վաճառականի ընկերակցությամբ և փոխադրվեց քաղաքամիջում գտնված մի սենյակ, շաբաթական երկու դոլլար վարձով: Քաղաքի վաճառականը նրան 25 դոլլար տվեց մորն ուղարկելու համար: Գերտրուդն ուրախ էր, որ կարողացավ մայրիկին անմիջապես օգնել, մի գործ ունենալ և ապրել:

Օրերն անցնում էին: Գերտրուդն աշխատում էր յոթն անգամ ավելի, քանի իր հոր տանը և մտածում էր, որ քաղաքի աշխատանքի կեսով կարող էին նրանք` ինքը և իր պառավը, ապրել երջանիկ:

Օրերն անցնում էին, և Գերտրուդն զգում էր կենդանի