Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/48

Այս էջը հաստատված է

շարժում իր կրծքի տակ և դող՝ իր հոգում: Քաղաքի վաճառականը չէր երևում. ուզում էր հայտնել նրան:

— Նա անպայման մի բան կկարգադրի, այնքան բարի է, — մտածում էր Գերտրուդը, բայց նա քաղաքում չէր:

Մի օր դիմեց գրասենյակի կառավարչին և խնդրեց նրանից իրեն ագենտի հասցեն տալ: Կառավարիչը չոր — չոր պատասխանեց.

— Նա մեզանից հեռացել է, հասցեն չենք իմանում:

Այդ երեկո Գերտրուդը գնաց իր անշուք սենյակը, գրկեց իր ծնողների լուսանկարը, համբուրեց և արցունքներով ամբողջովին թրջեց:

Մոտենում էին ծննդաբերության օրերը: Կապույտ աչքերով, ոսկեգուն մազերով այս աղջիկը փակվեց իր սենյակում, քաղցած և ծարավ, չուզեց դուրս գալ հղի վիճակով: Տանտիրուհին մի քանի օր խղճաց, սուրճ և հաց տվեց, բայց հետո նա էլ չերևաց:

Գերտրւդը հուսահատված հիշեց, որ իրենց գյուղի քարոզիչն ասում էր. «Եթե հոգնած եք, աղքատ եք, անօգնական, դիմեցեք Քրիստոսին, և նա կփրկի ձեզ»:

Գերտրուդն ուրախացավ, որ գտավ փրկության ելքը: Նա դիմեց քաղաքի միսիոներական ընկերության, որպեսզի նրան օգնեն մինչև երեխան ծնվի, և մի գործ գտնի ապրելու: Գերտրուդն անկեղծորեն պատմեց, թե ինչպես անգութ կերպպով խաբել էին իրեն:

Ընդունող պատվելին ակնոցի տակից նայեց նրան, երկար քմծիծաղ տվեց և պատասխանեց.

— Չենք կարող, ցավալի է, չենք կարող:

— Ուրեմն սուտ էր գյուղի քարոզչի ասածը, — մտածեց Գերտրուդը և զզվանքով հեռացավ:

Բայց մի տաս օր հետո՝ իր սենյակի դուռը բախեցին, և ներս մտավ սևեր հագած մի կին, կարմիր ներկված շրթունքներով, երեսը պատած բրնձափոշով, կնճռոտ ճակատով, ամբողջ դեմքն ակոսված, ժամանակից շուտ պառաված մի կին, սեթևեթ շարժումներ ուներ, խռպոտ ձայն, նման այն ձայնին, որ հարբեցողը կունենա:

— Տան տիրուհիդ ասաց, որ նեղության մեջ ես. ես քեզ կարող եմ օգնել, — ասաց կինը: