Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/49

Այս էջը հաստատված է

Գերտրուդի առաջին վատ տպավորությունը փոխվեց, ներս մտնող կինը նրան թվաց գեղեցիկ, բարի, դուրեկան:

— Շնորհակալ եմ, — մրմնջաց Գերտրուդը:

Առանց պայմանների, առանց սակարկության սևեր հագած կինը դրեց նրան ավտոմոբիլի մեջ և փոխադրեց ծննդաբերական հիվանդանոց: Ճանապարհին կինը Գերտրուդին տարօրինակ կերպով նայում էր, զննում, ինչպես գնորդն ապրանքն է զննում: Գերտրուդը ոչինչ չհասկացավ. նա միայն հավատաց, որ դաժան, ցուրտ, ծխոտ, եսասեր և անբարոյական քաղաքում դեռ չի մեռել մարդասիրությունը:

Գերտրուդը ծնեց: Իր նորածին մանուկը նման էր իրեն, նա կապույտ աչքեր ուներ և ոսկեգույն մազեր:

Սևեր հագած կինը վեց ամիս հետո պահանջեց Գերտրուդից իր արածների համար վճարել: Գերտրուդը ապշեց:

— Ես չեմ խնդրել ձեզանից որևէ բան, — պատասխանեց Գերտրուդը:

— Այո, ճիշտ է, չես խնդրել, բայց բարոյապես պարտական ես ինձ:

— Ի՞նչ կարող եմ անել, — հարցրեց միամտորեն գյուղացի աղջիկը:

Կիննը նրան տարավ իր «տունը» — ը, ծանոթացրեց նրան իր մյուս «աղջիկ» — ներին: Աղջիկները կիսամերկ էին, շպարված երեսներով, կարմիր ներկած շրթունքներով: Կինը Գերտրուդին թողեց մենակ այդ աղջիկների հետ և հեռացավ: Աղջիկները նրան պատմեցին, որ օրական 10 դոլլար են աշխատում, աշխատանքն էլ հեշտ է, միայն մի քանի հաճախորդ են ընդունում, օգնում են իրենց ծնողներին, լավ են ապրում, հարուստ մարդկանց հետ պտույտի են գնում, նրանց հետ գիշերում, փող ստանում և զվարճանում:

Գերտրուդը չպատասխանեց: Նրա տխուր աչքերն ավելի մռայլվեցին, ինչպես ամպամած երկնքից հետո անձրևն է սկսում մաղվել: Լռեց երկար: Իր հոգու մռայլության մեջ սպիտակ վարդերի նման փայլեցին իր արծաթյա մազերով