Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/51

Այս էջը հաստատված է

Մի օր նրա մոտ եկավ մի մարդ, որ կարճ ու սրածայր մորուք ուներ, աճապարում էր, ուզում էր շուտ դուրս գալ։ Երբ Գերտրուդը նրան աոաջարկեց խմել (Գերտրուդը ծախված խմելիքից տոկոս էր ստանում, նա մերժեց։ «Խմելիքի փողը ես քեզ կտամ», ասաց սրածայր մորուքով հաճախորդը։ Գերտրուդն ուրախացավ։ Երբ սրածայր մորուքով մարդու դեմքը կռացավ Գերտրուդի կրծքին, նրա պիջակի տակից կախվեց կաթոլիկ կղերականի սուրբ ոսկե խաչը։ Գերտրուդն ապշեց:

— Մի զարմանաք, զավակս,— ասաց կաթոլիկ հայրը,– մենք էլ մարդ ենք, բոլորի նման։

Այն ժամանակ Գերտրուդը հասկացավ, թե ինչու նա խմիչքի փողն ուզեց վճարել, միայն թե շուտով հաճոյանալ ու դուրս գալ։

Անցան տարիներ։ Գերտրուդի մայրը մեռավ հին տանը: Նա չցանկացավ գնալ, որպեսզի դիակին չհամբուրի, անաղարտ պահելու համար այն վերջին համբույրը, որ գյուղացի պառավը դրոշմել էր նրա շրթներին։ Քիչ անց` մեռավ Գերտրուդի կապույտ աչքերով և ոսկեգույն մազերով մանկիկը, որ մեծացել էր, բայց հիվանդ էր, դժգույն և նիհար։ Գերտրուդը կորցրեց իր մարմնի բոլոր փառքը, երեսներն ակոսներ պատեցին, ատամները թափան: Երբ նա ցավագին ժպտում էր, բերանի երկու կողքերին դաժան գծեր էին կազմվում, հաճախորդները նվազեցին, տոկոսները ո՛չ առաջվա չափն ունեին և ո՛չ էլ առատությունը։ Հանրատան կինը, այն «բարերար» կինը, որ նրան «փրկել էր» աղքատությունից, առաջարկեց հեռանալ տնից:

- Սրանից հետո հանգիստ ապրելու համար միայն մի միջոց կա, աղջիկս,— ասաց հանրատան կինը նրան,— դիմիր միսիոներական ընկերության, նրանք քեզ Արևելք կուղարկեն, այնտեղ տիրոջ խոսքը կքարոզես և կապրես երջանիկ։ Հիսուս Քրիստոս քեզ կների, կների նա բոլոր մոլորվածներին, որոնք դարձի են գալիս և երկնքի համար են ծառայում:

23– Վ. Թոթովենց, գիրք 2