— Սատանան...— արտասանեց մր. Ռիգզը և նստեց աթոռին:
— Ւ՞նչ պատահեց,— հարցրեց տիկին Ռիգղը և վազելով ամուսնու մոտ՝ ձեռքը դրեց ուսերին և ատամները վագրի նման ցցեց նրա նայվածքի մեջ։
Ես վազեցի դեպի լուսամուտը, նախ գլխի չընկա, բայց երբ տիկին Ռիգզը ետևիցս վազեց, գիտեց և «ահ» բղավելով՝ սկսեց լաց լինել, ես հասկացա։
Ապրանքատար ավտոմոբիլով եկել էր մի նեգր ընտանիք և կահ-կարասիքը տեղափոխում էր ներս. ուրեմն մեզ հարևան է դառնալու մի սևամորթ ընտանիք, որը մահացու կերպով խոցում էր հարավի ամերիկյան արիստոկրատների սիրտը։
Երբ մր. Ռիգզը տեսավ, որ տիկինը բոլորովին գունատվեց վազեց պահարանը, կաթիլներ հասցրեց և նրան հանգստացնելու համար հարեց.
— Անպայման հասցեն սխալ է, անպայման մի աղետավոր թյուրիմացություն կա։
Տիկին Ռիգզը հավատալով իր ամուսնու ամեն մի արտասանության, լիներ դա խոսք կամ մլավյուն, անմիջապես հանգստացավ:
— Ես կգնամ ճիշտ հիմա և կպարզեմ թյուրիմացությունը,— ասաց մր, Ռիգզը և անմիջապես հեռացավ առանց նախաճաշի սուրճը խմելու:
— Դուք կարծո՞ւմ եք, որ այս թաղում թույլ կտրվի սևամորթներին ապրելու,— հարցրեց ինձ տիկին Ռիգզն իր ամուսնու հեռանալուց հետո։
— Առաջին անգամն է, որ այդպիսի բան եմ լսում,– պատասխանեցի, – ամերիկյան սահմանադրական օրենքում գույների հարց չկա, որքան ես գիտեմ։
Որովհետև ես չէի ապրել սևամորթների ստրկության համար պատերազմ հայտարարող և այդ պատերազմում պարտված, ջախջախված հարավի նահանգներում, ինձ շատ տարօրինակ թվաց պանսիոնի համար վճարած իմ փողով մասամբ ապրող այս արիստոկրատների հոգեբանությունը։
— Բայց ինչո՞ւ համար, տիկին, դուք այդպես...
Տիկին Ռիգզը չթողեց, որ խոսքս շարունակեմ, ավելի