Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/64

Այս էջը հաստատված է

— Ոչ հարավից, և ոչ էլ հյուսիսից— պատասխանեցի,— ես արևելքից եմ և նախ և առաջ մարդ եմ։

—Օ՜...— եղավ սևամորթի պատասխանը։

— Ջեզ ոչ մի վտանգ չի՛՝ սպառնում արդյոք բնակարանից զրկվելու,— հարցրի։

— Ոչ մի վտանգ օրենքով, բայց տիկին Ռիգզը օրենքից հզոր է երևում,— պատասխանեց սևամորթը։

— Ինչպե՞ս։

— Մի հարցնեք. երբ դռան առաջին իմ երեխաները նրանց դիպչում են — «հեռացե՛՛ք, հեռացե՜ք, կեղտոտում եք իմ շորերը» բղավում է և անհանդուրժելի կերպարանք է ցույց տալիս։

Չպատասխանեցի։

—Բարի գիշեր, մր. Բուկեր,— ասացի սևամորթին և հեռացա։

Լուսամուտից ես տեսա մբ. Բուկերին, որ իր կանգնած. տեղում գամված մնացել էր. նրա շրթունքները դողում էին, աչքերը սիրով և գուրգուրանքով լցված, երևում էր, որ նա խորապես զգացված էր իմ վերաբերմունքից։ Մի պահ դիտելուց հետո՝ ես զգացի, շոշափման պես զգացի, որ նա ցանկանում էր ինձ գրկել և համբուրեր:

Անցավ մի քանի օր, ես հանդիպեցի տիկին Բուկերին իր երկու զավակներով։ Բարևեցի տիկին Բուկերին, իբր թե ուրիշ անգամ պատահած լինեի նրան։

— Բարև ձեզ,— պատասխանեց տիկին Բուկերը լայն բավականությամբ և առանց շփոթվելու, մինչդեռ նրա երկու սև փոքրիկները, փաթաթվելով մոր սրունքներին, գլուխները կախ, բայց սևեռուն աչքերով նայում էին ինձ՝ ինչպես ձմերուկի սև կետեր, նայում էին այն սպիտակ մարդուն, ու ժպիտով բարևում էր իրենց մորը։ Մոտեցա մեկին, փաղաքշանքով կմշտեցի նրա սև, ուռած և փափուկ թշերը, ապա դառնալով տիկին Բուկերին՝

— Ինչ առողջ են,— ասացի։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց տիկին Բուկերը, և առաջին անգամ ըմբռնեցի այդ բառի իսկական նշանակությունր, մի բառ, որ Ամերիկայում ամեն մարդ ամեն քայլափոխի, ամեն առիթի, ամեն մի բանի համար գործածում է։