— Եթե իրականություն չիներ, կարող էի մոռանալ, բայց այդ բոլորը երազ է, և չեմ կարող մոռանալ. երազն ավելի է հզոր, քան իրականությունը։
3
Հյուսիսում Թոմը հետզհետե ձեռք բերեց արժանապատվության զգացում։ Հարավում նրա ամբողջ սոցիալական պահանջն է եղել այն, որ մարդիկ ֆիզիկական ցավ չպատճառեն իրեն, մնացած բոլոր ցավերը, վիրավորանքները արժեքից զուրկ են եղել։
— Բավական էր, որ չծեծեին և կախ չտային ծառից,– ասում էր Թոմը,— մնացած բոլոր հայհոյանքներն ի՞նչ արժեին...
Բայց Թոմը հետզհետե զգաց, որ մարդկային իրավունքն ավելի անսահման էր, քան ինքը և իր ցեղը հարավում հավատացել էին։
Թոմը կառուցեց արժանապատվության խոր զգացում, այդ խնդրում նա ավելի զգայուն դարձավ, քան մենք՝ սպիտակամորթներս։ Թոմն սկսեց ապրել հզոր, բոցավառ մի ռեակցիա. ամենափոքրիկ անոթագրություն դեպի իր անձը նրան լցնում էր ցասումով, գազանացած փայլփլում էին նրա աչքերը։ Նա չափազանց զգույշ էր նաև այն բանից, որ չլինի թե մի որևէ փոքրիկ առիթ տա ուրիշին իրեն վիրավորելու, որովհետև՝
— Տեղնուտեղը կտոր-կտոր կանեմ,– ասում էր նա։
Ես հրճվանքով դիտում էի, որ Թոմը կորցնում էր իր ցեղային ստրկության ավանդական սպիները։
Թոմը միաժամանակ չափազանց հարգալից էր դեպի իր ընկերակիցները, որովհետև նա համոզվեց, որ իրենց փրկությունը պիտի լիներ սոցիալական հողի վրա։
Թոմը նախ և առաջ թողեց սևերին հատուկ պարգևներ ստանալու սովորությունը։