--Վարձատրությամբ են անում։
Ջորջը հառեց իմ աչքերին, հառեց սուր, ծաղկող նայվածքով։
--Իվը 40տարվա բանվորի աղջիկ է,նրա հայրը բանտումն է այժմ, նա անում է այդ, ինչպես մյուս բոլոր աղջիկները, դասակարգային գիտակցությամբ։
Ես զգացի, որ միամիտ հարց էի տվել Ջորջին։
Երեկոյան ժամի յոթն էր: Բանվորները վերադառնում էին գործարաններից, իրենց ճաշի դույլերը ձեռքերին։ Հոգնած, տանջված դեմքեր ունեին նրանք, ոմանք դեռևս մրոտ, գործարանային գլխարկները գլխներին։ Ջորջը ճանաչում էր բոլորին, բարևում էր նրանց մի-մի հարց տալիս։
Երբ Ջորջի բնակարանին մոտեցանք, արդեն մութն էր։ Բանվորական փողոցում էլեկտրական լույսերը չէին վառվում այնպիսի շռայլությամբ, ինչպես Բրոտուեյի և 5-րդ ավընյուի վրա։ Ջորջը օդային գազի լամպի սյունի տակ նշմարեց մի բանվոր, որ գլուխը կախ քայլում էր։
--Ինչու է այդքան տխուր այդ ուրախ մարդը, -մըրթմըրթաց Ջորջը ինքնիրեն, -պետք է խոսել նրա հետ։
Ջորջը առաջացավ դեպի սյունը․ ես հետևեցի նրան։
- Հըլո, Ֆրենկ, - բացականչեց Ջորջը։
Ֆրենկը կիսադարձավ, գլուխը վեր առավ և նայեց Ջորջին։ Ես սարսափ տեսա Ֆրենկի աչքերում։
-- Հըլո, Ջորջ, դու ես, -արտասանեց Ֆրենկը, -հազիվ ճանաչեցի։
-- Ինչ է պատահել։
-- Շատ բան։
-- Լոկաուտ։
-- Ոչ, երանի լոկաուտ լիներ, -երկարացրեց Ֆրենկը և գրպանից ծխախոտ հանեց և սկսեց ծամել։ -Երևի թերթ չես կարդացել, Ջորջ, - շարունակեց Ֆրենկը, որի դեմքի վրա խաղում էր երերացող լամպի ստվերը։
-- Վերջին հավելվածը չեմ կարդացել:
-- Դրա համար է, որ ոչինչ լուր չունես:
Ֆրենկը պատմեց մի զարհուրելի պատմություն: Ես հափշտակությամբ լսեցի այդ պատմությունը, իսկ Ջորջը շրթունքներն էր կծում և ատամները կրճտացնում:
-- Պոտը կատաղեց այսօր անտառի գազանի նման,-