Ֆրենկը չկարողացավ շարունակել և լռեց:
Ջորջը ոչինչ չպատասխանեց: Ֆրենկը սկսեց գետնին նայել և գլուխը երերցնել: Բավական լռությունից հետո Ֆրենկը ցածր ձայնով «գուդ բայ» ասաց և հեռացավ:
--Գնանք մի հավելված առնենք,- առաջարկեց Ջորջը:
Մենք քայլեցինք կողքի փողոցի անկյան դեղատունը, մի հավելված վերցրինք ու վերադարձանք:
Բուրժուական թերթի հավելվածը լիքն էր Պոտի «ոճրագործության» մանրամսներով և նկարներով, մի «բանաստեղծ» ձեռաց մի սոնետ էր թխել և հրատարակել: Հավելվածն ավելի մանրամասնություն չէր պարունակում քան ՖԴրենկի պատմածը:
«ԱՀԱՎՈՐ ՈՃԻՐ X ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ: ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԵՂՏՈՏՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԲԱՐՔԵՐԸ: ԹՈՒՅԼ Է ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ: ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՎՌՆԴԵԼ ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՅՍ ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻՑ»
Ահա այն վերնագիրները, որ հրատարակում էին Նյու- Յորքի բուրժուական բոլոր թերթերը մատնաչափ և կարմիր տառերով:
Պոտը իտալացի բանվոր էր, իսկական ազգանունով - Պոտինի, որ կարճ Պոտ էին անվանում: Պոտի իտալացի լինելը բավական էր, որ ողջ բուրժուական Ամերիկան սկսել արծարծել Ամերիկայի դռները օտարականների առաջ փակելու լոգունդը:
-- Տեսնում ես սրիկաներին,- ասաց Ջորջը:
-- Այս երկիրը կարմրամորթներին է պատկանում, բոլորս էլ օտարականներ ենք,- ասացի:
Ջորջը ծիծաղեց:
Մենք մտանք Ջորջի բնակարանը: Մութն էր: Նեղ միջանցքում մեզ դիմավորեց մի կանացի ձայն, որին Ջորջը ճանաչեց և
-- Բարև,-ասաց:
-- Բարև, Ջորջ,- պատասխանեց կանացի ձայնը:
-- Ինչու մութն է:
-- Գազը վերջացել է, փող չունենք, որ գցենք,- պատասխանեց կինը տխուր: