-- Քարիոզիչ դարձա, - պատասխանեց Ասատուրը կտրուկ ցիլինդրը դնելով սեղանի վրա, - սրանից հետո քարոզելու եմ քրիստոնեություն:
Առանց պատասխանելու, ես սկսեցի նայել նրա աչքերի մեջ: Նրա աչքերի մեջ կուտակվել էր պղտորություն, կորցրել էր Ասատուրը գավառացի միամիտ մարդու աչքերի ամբողջ թովչանքը. նրա նայվածքը նման էր այն վճիտ ջրին, որի մեջ սպիտակ փոշի են խառնում:
-- Հավատու՞մ ես դու քրիստոնեության, - հարց տվի երկար լռությունից հետո:
-- Հավատում եմ ոչ մի բանի, - պատասխանեց Ասատուրը, - միայն հավատում եմ, որ պետք է ապրել առանց մուրացկանության:
-- Բայց չէ՞ որ ինձ մոտ էիր ապրում, դա մուրացկանությու՞ն էր:
-- Ոչ, դա մուրացկանություն չէր, երբեք, բայց չէ՞ որ մի օր այլևս ինձ համար անհանդուրժելի պիտի դառնար քո վրա բեռ լինելը: Պիտի խարդախեմ, պիտի ստեմ, իմ չհավատացած բաներով պիտի ոգևորեմ այս կեղծ ժողովրդին, - եզրակացրեց Ասատուրը:
-- Ժողովուրդը մի ամբողջություն չէ, ժողովրդի մեջ շատ խավեր կան, պետք է իրարից զանազանել այդ խավերը:
Մի քանի օրից հետո Ասատուրն ինձ վերադարձրեց այն բոլորը, ինչ ես նրա համար ծախսել էի: Եկեղեցուց նա մեծ ավանս էր ստացել: Փոխադրվեց նա մի նոր բնակարան` բաղնիքով, հյուրասրահով, առանձին ննջասենյակով և առանձին աշխատանոցով:
⁂
Ես երկար ժամանակ չհանդիպեցի Ասատուրին, որովհետև չգնացի նրա եկեղեցին, բայց եկա այն եզրակացության, որ Ասատուրը մղվեց հոգու առևտրի, դարձավ քրիստոնյա եկեղեցու ամենակեղծավոր սպասավորը: Մի քանի ամիս հետո Ասատուրը հայտնվեց իմ սենյակում: Նա այնպես էր լավացել, լցվել, առողջ գույն ստացել, որ իմ վրա թողեց ջահել ցուլի տպավորություն. նրա