եզերված: Բնակարանի չորս բոլորտիքը արևի բոլոր գույներով վառվող ծաղիկներ կային, բնակարանի ձախ կողմում ջրի մի շատրվան էր բարձրանում, այնքան բարձր, որ ջրի կաթիլները փոշիանում էին և արևի ճառագայթների տակ ծիածաններ գծագրում:
Հանկարծ մի դաժան, մի չար և անգութ միտք ծագեց իմ մտքում,- մտածեցի, որ մի օր ես պետք է մեռնեմ:
Հեռուն վիթխարի քաղաքի վրա նստած էր համատարած ծխի մի մշուշ, բարձր շենքերի գագաթները հազիվ էին երևում, բայց արևի շողերը թափվել էին Հարրիսոնի ապարանքի վրա, և ծաղիկները ժպտում էին առաջին սիրո խոսքերի նման:
-- Խնդրեմ,- լսեցի հանկարծ ետևիցս:
Լակեյն էր, որ ինձ հրավիրում էր ներս:
Երկնագույն մարմարյա պատերից ներս խոր լռություն և կիսխավար էր տիրում: Դուռը անմիջապես բացվում էր մի ընդարձակ սրահում: Ներս մտնելիս ինձ այնպես թվաց, որ ես մտա մի հինավուրց վանք: Էլեկտրական լամպերն էլ մոմի ձև ունեին: Այդ սրահի խորքից- մեջտեղից- բարձրանում էր մի սանդուղք, որ ծածկված էր ուղտի բրդից հյուսված գորգով: Սանդուղքների ստորոտում ինձ դիմավորեց ժպտերես, կապույտ աչքերով և շեկ մազերով մի աղջիկ, որ գլխին սպիտակ փոքրիկ գլխանոց ուներ, ժանյակից շինված, իսկ փորի վրա կապած էր մի փոքրիկ սպիտակ գոգնոց:
-- Բարև ձեզ,- ասաց ինձ դիմավորող աղջիկը:
-- Բարև ձեզ,- պատասխանեցի անմիջապես և ցույց տվի տիկին Հարրիսոնի տոմսը:
-- Համեցեք,- ասաց կապույտ աչքերով աղջիկը և սկսեց քայլել:
Ես հետևեցի նրան: Նա մտավ սրահի ձախ կողմի վրա բացվող մի սենյակ: Այդ սենյակը բոլորովին լուսավոր էր:
Այդ սենյակի խորքում բացվում էր պատշգամբը:
-- Նստեցեք,- ասաց աղջիկը,- շուտով լեյդի Հարրիսոնը կլինի այստեղ:
-- Կսպասեմ:
Աղջիկը սկսեց դուրս գնալ, բայց էլի կանգ առավ:
-- Դուք արևելյան գորգի մասնագետ եք: