Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/9

Այս էջը հաստատված է

արտաքին տեսքը ամբողջովին արտահայտում էր սեռային մոլուցքը, շրթները ուռած էին, կոպերի մեջ արյուն էր հավաքվել, ամբողջ հագուստը անուշահոտություն էր բուրում, մի անուշահոտություն, որի չափազանցը տղամարդուց, հասնում է զզվելի գարշահոտության:

-- Ինչո՞վ ես զբաղված, Ասատուր, - հարցրի մի քանի սովորական խոսքեր փոխանակելուց հետո:

-- Սուրբ գրքով և կանանցով, - պատասխանեց Ասատուրը:

-- Ի՞նչ կապ այդ երկուսի միջև:

-- Հը, - ծիծաղեց Ասատուրը, - ուժեղ կապ, քարոզում եմ` «սիրեցեք միմյանց», այս երկրի հարուստ կանայք շատ լավ են ըմբռնել այդ խոսքերի իմաստը. նրանք այնքան հարուստ են, որ պարտական են զվարճանալ, շաբաթական մի քանի ժամ քարոզում եմ երկնայինը և ման եմ գալիս տները` զբաղվելով երկրային խնդիրներով, երկիրը սիրողները պետք է զբաղվեն երկնքով, - վերջացրեց Ասատուրը:

--Երկրի վրա միայն կանա՞յք կան, ինչ է:

-- Այո:

-- Ավելի ճիշտ է ասել` երկրի վրա կան կովեր և եզներ, - հայտարարեցի զսպված ցասումով:

-- Այ, ճիշտ բնորոշվեցիր, ես ստանձնել եմ եզան դերը: Ես լռեցի:

Ցինիզմը ինձ զզվեցնում է: Որոշեցի երբեք չխոսել, որպեսզի Ասատուրը բարի լինի ինձ մենակ թողնելու, բայց նա շարունակեց.

-- Կարոտել եմ Կլեոպատրային, կարծես ծարավել եմ ես Կլեոպատրային` ինչպես անապատի անցորդն է ծարավում ջրին: Կանանց այս առատության մեջ չկա մեկը, որ կարողանա նրա մի կաթիլի զովությունը տալ իմ հոգուն: Ես զգում եմ, որ դու բարկացած ես ինձ վրա, ես զգում եմ, որ դու գարշում ես ինձանից, իրավունք ունես. ապրում եմ զզվելի իրականության մեջ, իմ մեջ մարդկային շատ քիչ լավ բան է մնացել, բայց սիրում եմ ես Կլեոպատրային: Ես պետք է գնամ, թեկուզ նրա ամուսինը կախել տա ինձ, ես պետք է գնամ Եգիպտոս, եթե մինչև անգամ չկարողանամ տեսնել