Բոլորը ծափահարում էին, Ռեյնոլդսը նորից գարեջուր պատվիրեց բոլորի համար։
-Հը՞, ինչպե՞ս է, իմ թանկագին բարեկամ,- հարցրեց բանաստեղծը։
-Սա հազար անգամ ավելի լավ է, քան անտիպոտյան ձեր ճառը, անկեղծորեն եմ ասում, մր․ Ռեյնոլդս, հավատացե՛ք ինձ,- պատասխանեց։
Ներս մտան մի քանի կիսահարբած մարդիկ, որոնք բղավում էին։
-Պոտին էլեկտրական աթոռ։
-Պետք է հրապարակում այրել նրան։
-Պատժի հին ձևերը ավելի նախընտրելի են։
Ռեյնոլդսը ամաչեց ինձանից և չխառնվեց նրանց։
-Գնա՛նք,- առաջարկեց Ռեյնոլդսը։
-Գնա՛նք,- համաձայնեցա:
Դուրսը մի օտոմոբիլ էր սպասում։ Մր․ Ռեյնոլդսը մոտեցավ օտոմոբիլին։
-Ցավում եմ, որ ձեզ պետք է թողնեմ ժամադրություն ունեմ։
-Խնդրեմ, խնդրեմ։
-Եթե երկու աղջիկ լիներ՝ ձեզ ուրախությամբ հետս կտանեի։
-Շատ շնորհակալ եմ։
-Մնաք բարով։
Օտոմոբիլը սուրաց և պոետը սլացավ դեպի ճարպը։
Տրոտուարի վրա կանգնած՝ երկար մտածեցի այդ տնայնագործ պոետի մասին, որն իր տաղանդը չափում էր իր ստացած դոլլարներով։
-Խե՜ղճ արհեստավոր, մտածում էի, ավելի լավ, ավելի մարդասիրական չէ՞ր լինի, որ կարողանայիր մի փոքրիկ բնակարանի համար աղյուսներ դարսել իրար վրա, քան տողեր, այն ժամանակ չէիր պղծի ոչ ծաղիկները և ո՛չ էլ երազները։
Շատ անգամ էի մտածել, թե որո՞նք են արդյոք այն անանուն պոետնորը, որոնք սպիտակ, սիրուն բացիկները կեղտոտում են և չեն թողնում, որ մարդ երկու անկեղծ տող գրի իր բարեկամին։