Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/97

Այս էջը հաստատված է

պետք է, որ խաբած լինեն, բայց ես զարմանում եմ ուրիշ բանի մասին, իսկապես այս հսկա գորգը ձեռքով է հյուսված:

--Այո, իհարկե:

Մր. Հարրիսոնը լռեց, դեռևս չէր համոզվում, որ արևելյան գորգը ձեռագործ է:

--Նայեցեք, որ լեյդի Հարրիսոնին գոհ թողնեք,- ասաց ծերունին և մի սև սիգար ևս տալով՝ հեռացավ:

--Very good,- պատասխանեցի մեքենայաբար:

Նրա գնալուց հետո վառեցի սիգարը: Սիգարի վրա ոչ մի ֆիրմայի ժապավեն չկար, դա հատուկ պատվեր էր Հավանայի լավագույն ծխախոտից, որի հոտը պարզապես հարբեցուցիչ էր:

Հելենան ցցվեց դեմս:

-Բարի լույս,- ասացի:

-Բարի լույս, արդեն սկսե՞լ եք աշխատանքը:

-Այո՛, ինչպես տեսնում եք:

Առավոտյան ինձ ընդունել էր մի նեգր աղախին և հաջորդել էր տիկին Հարրիսոնի պատվերը:

-Հրաշալի սիգար է, մր. Հարրիսոնը տվեց:

-Վատ է, որ լավ սիգարի վարժվեմ, հետո էժանագիները չեմ կարող ծխել:

Հելենան ժպտաց:

-Ո՞վ էր այն փոքրիկ աղջիկ, Հելենա, որ անցավ այս տեղից:

-Երիտասարդ լեյդին էր:

-Ա՞յն, որի հարսանիքն է լինելու շուտով:

-Դեռ պատանի է, ինչո՞ւ է այդքան շուտ ամուսնանում:

-Որքան շուտ, այնքան լավ:

-Ինչո՞ւ:

-Չգիտեմ, այդպես լավ է:

-Դու ուզո՞ւմ ես ամուսնանալ:

-՝ Շատ եմ ուզում,- պատասխանեց Հելենան ամենայն պարզասրտությամբ: