Առաջին անգամ կյանքում պատահում էի մի կնոջ որ պարզ էր խոսում:
-Հելենան՛, ին՛չ պարզ աղջիկ ես դու,- բացականչեցի,- ո՛չ մի կնոջ չեմ հանդիպել, որ ամուսնության իր ցանկությունը խոստովանի այսքան պարզությամբ:
-Ո՛չ մի աղջիկ, ո՛չ մի կին չկա աշխարհում, որ չցանկանա ամուսնանալ,- պատասխանեց Հելենան:
Երբ մենք խոսում էինք՝ վերևից իջան լեյդի Հարրիսոնը և մի երիտասարդ: Երիտասարդը շատ նման էր մր. Հարրիսոնին:
-Երիտասարդ Հարրիսոնն է,- մտածեցի:
Նրաք երկուսն էլ հագված էին դուրս գնալու համար:
-Մի ամիս հետո երիտասարդ լեյդիի հարսանիքն է,- սկսեցի լեյդի Հարրիսոնը բարևելուց հետո,- այս աշխատանքը մինչև այդ պետք է վերջացրած լինի:
-Շատ լավ, մադամ:
-Ցտեսություն,- անմիջապես վերջացրեց լեյդի Հարրիսոնը և երիտասարդ Հարրիսոնի հետ գնացին դուրս:
Երիտասարդ Հարրիսոնը ինձ չբարևեց, մինչև անգամ նա դժգոհ մնաց, որ տիկինն ինձ բարևեց և խոսեց հետս: Մեր խոսակցության ժամանակ նա խաղում էր ձեռնոցների հետ: Նա հոր նման բարձահասակ էր, կապույտ և փոքր աչքերով, մազերը տափակ սանտրած և յուղ քսած, հագած էր գարնանային մախրագույն վերարկու: Նրա ինձ չբարևելը վատ տպավորություն թողեց ինձ վրա, մանավանդ որ քիչ առաջ նրա միլիոնատեր հայրը սիրալիր բարևել և խոսել էր հետս:
Երբ նրանք դուրս գնացին՝
-Երիտասարդ Հարրիսոնն էր,- ասաց Հելենան:
-Այդպես էլ կարծեցի:
Անտանելի հպարտ է և չար:
-Հայրն էլ խորամանկ էր երևում:
Ո՛չ, ի՜նչ եք ասում, նա այնքան բարի է ու միամիտ:
Ես զարմացա Հելենայի դատողության վրա:
-Էլի կգամ,- ասաց Հելենան և բարձրացավ վերև:
Ես շարունակեցի իմ մեքենայական աշխատանքը: Լուռ և տխուր էր այդ ապրանքը, ո՛չ մի աղմուկ չկար, ո՛չ երեխա: