Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/99

Այս էջը հաստատված է

ամեն ինչ կարգին, ամեն ինչ անտանելի հոգածությամբ դարսված, ինձ թվում էր, որ գտնվում եմ ամայության մեջ: Դաժան և ահավոր լռություն էր տիրում այդ ապարանքում, պարզապես մի շքեղ գերեզմանոց:

Հնդկական գորգը իմ ծնկների վրա՝ մտքով թափառում էի արևելքում, մտածում էի, որ ամբողջ արևելքը ծառայում է արևմուտքին, արևելքի լավագույնը հետզհետե կողոպտվում է արևմուտքից: Ահա ինքս (այն ժամանակ ես քիչ բան գիտեի և ինձ շատ արժեքավոր էի ճանաչում) աշխատում եմ արևմուտքի մի տիկնոջ համար, որը կարծում է, թե միլոսի Վեներայի թևերը Ամերիկայի աղախիններն են կոտրել: Նայում էի հնդկական գորգին և խորասուզվում էի կապույտ խոշոր տերևների մեջ, ցանկանում էի իմանալ, թե ինչու Հնդիկ արվեստագետը տերևները ներկել է մուգ կապույտով փոխանակ կանաչով ներկելու: Արդյո՞ք Հնդիկը սխալ էր համարում բնության դասավորությունը, արդյո՞ք կարծել է նա, որ բուսականությունը պետք է կապույտ լինի և ո՛չ թե կանաչ, մանավանդ որ գորգի ամբողջ ֆոնը ուղտի բուրդ էր - հողի գույնը:


Ես ճգնում էի հասկանալ հնդիկին, երբ Հելենան կտրեց իմ մտքերի թելը: - գնանք իմ սենյակը և սուրճ խմենք,- առաջարկեց Հելենան:


Ես ընդունեցի այդ առաջարկությունը և հետևեցի նրան: Մենք իջանք ներքնահարկը, ուր գտնվում էր Հելենայի սենյակը: Սա չափազանց մաքուր և փոքրիկ մի սենյակ էր, մաքուր սպիտակեղեններով, փոքրիկ մի հայելի պատից կախված, կողքից՝ սրբիչ, մի փոքրիկ բաց պահարանում դարսված սանտր, եղունգի մաքրիչ, մկրատ և այլն: Սենյակում միայն մի աթոռ կար: Հելենան առաջարկեց ինձ նստել իր մահճակալի վրա:

Հելենան սկսեց բաժակներ բերել և դնել սեղանի վրա:

- Ա՞յս է քո մահճակալը:

- Այո՛, այս է:

- Շատ փոքր է երկուսի համար:

- Եթե բնակչությունը կիսով չափ աճի՝ կփոխեմ