Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/103

Այս էջը հաստատված է

Նա փախչում էր դեպի Ստամբուլ՝ ազատվելու համար երեխաների ճվվոցներից։

Գնալուց առաջ նա երեխաների մի ցուցակ էր հետը տանում, որպեսզի ոչ ոքին չմոռանա։ Բոլորին նվերներ էր բերում։ Գնալուց հետո էլ նոր ցուցակ էր ուղարկում նրան մայրս՝ նոր ծնվածների ցուցակը։ Երբեմն չափազանցված ցուցակ էր ուղարկում։

— Թո՛ղ բերե պետք կըլլի,— ասում էր նա։

Հայրս վերադարձին մի սնդուկ էր հանձնում մորս և այլևս ոչնչի չէր խառնվում։ Բայց սովորություն կար, որ բոլորն էլ իրենց մանուկներին գրկած՝ գնում էին նրա ձեռքը համբուրելու։ Հայրս փոխադարձ «ապրիս» էր ասում յուրաքանչյուրին և երեխաներին համբուրում։ Երբ շարքը վերջ չէր գտնում՝ հայրս մռթմռթում էր։

— Բա՛, բա՛, բա՛, ուրիշ գործ չեք ունեցել։

* * *

Օվա Բաղլարիում մենք այգի ունեինք։

Օվա Բաղլարին քաղաքին կից, բայց ընդարձակ տարածությամբ մի այգեստան էր՝ բացառապես խաղողի և նշենիների։ Մեր այգին գտնվում էր այդ ընդարձակ այգիների գրեթե մեջտեղում։ Աշնան վերջում, այգեկութի ժամանակ, բոլոր այգի ունեցողները 10—15 օրով փոխադրվում էին այնտեղ, սպիտակ վրաններ էին խփում և սկսում էին եռուն այգեկութը։ Գիշերները ցուրտ էր լինում, ուստի ամեն մի այգում խարույկ էր վառվում։

Այդ օրերի գիշերներում Օվա Բաղլարին, երբ դիտում էին սարից, նման էր բոցավառված խարույկներով երկնքի։ Խարույկի շուրջը պարում էինք, երգում։ Բոլոր աղջիկներին ազատություն էր տրվում այդ օրերին խարույկի շուրջը պարելու։ Խարույկներն այնքան բոցավառ, արծարծուն էին լինում, որ շուրջը պարողների երեսները կարմրում էին։ Այդ օրերին աղջիկների մեծագույն մասը գտնում էր իր նշանածին։ Պարից, երգից և խարույկից տաքացած՝ վառվում էին և նրանց սրտերը։ Նրանք, որոնք գտել էին մի ջահել սիրտ,