Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/104

Այս էջը հաստատված է

կորսվում էին մեծ թփերի ետևում, խարույկներից հեռու, կարմրած, քաղցրացած ողկույզների տակ, և վառում էին հավիտենական խարույկը, սիրո խարույկը։

Ցուրտ, կապույտ գիշերում, լուսնի կաթնահորդ փրփուրների տակ, շրթունքները հպում էին իրար, անցնում էր նրանց ոգու միջից տիեզերական շունչը։ Երբ տղան գրկում էր աղջկան, նրան թվում էր, որ ամբողջ բնությունը փաթաթվում է իրեն կրակե թևերով, և տղային թվում էր, որ գրկել է ողջ բնությունը իր բոլոր մրգերով, իր բոլոր արևաներկ ողկույզներով, ահա կծկվել է իր թևերի մեջ անհուն մի դաշտ թարմ խոտի բույրով, և վերջապես սա այն Զարուհին չէ, այլ բոցավառված խարույկն է իր թևերի մեջ։

— Տեսնանք սըվոնք ո՞ւր գացին,— հանկարծ լսվում է։

Երկու ջահելները կուրծք-կրծքի, շրթունք-շրթունքի անշարժանում են։

Չարաճճի ընկերները հեռացել են խարույկից և ուզում են խաղ խաղալ ողկույզների և տերևների տակ պահվող ջահելների հետ։

Ավելի են սեղմվում իրար, թևերն ավելի են պրկվում, և պահը դառնում է հավիտենական։

Երբ այգեկութը վերջանում էր, վերադառնում էին տուն, տան ծերունիները տեսնում էին, որ իրենց աղջիկը կամ տղան արտակարգ խանդավառության մեջ է, ջրով թացացնում է մազերը, սանրում, այնպես որ լույսի տակ սաթի նման փայլի։ Պարզ էր, որ բնությունը, աշնանային, բեղմնավորված, կուրծքը լիուլի լցված բնությունը հպվել է նրանց հոգուն, այրել է նրանց սրտի աղվամազը։

Եվ ահա տղայի ծնողները հանդիսավոր գալիս էին աղջկա ծնողների մոտ։

Տանը ոչ ոք, բացի աղջկանից, չէր իմանում սկզբում նրանց գալու նպատակը։ Աղջիկն իմանում էր, որովհետև տղան կտուրի վրա թուղթ գրած կլիներ թե՝ «Իրիկունը պապս, մարս տի գան քեզ ուզեն, քեզ հարցնեն նե՝ չամչնաս, ըսե՝ ես ալ կուզեմ»։

«Եթե մըզի հարցնեք՝ մեր կամքովն է, ամա տեսնանք