Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/114

Այս էջը հաստատված է

— Հը՞, սուրբ հոգին ինտո՞ր էր, կոտոշ ունե՞ր...

— Հը՞, սուրբ հոգին ինչո՞ւ նման էր...

— Ծո՛, երևի սուրբ հոգին ջիվերուս պես էր...

Այսպես աղաղակում էին ու ծափ տալիս։

Բայց սուրբ հոգի առնողներից ոմանք, այս ծաղրը նմանեցնելով «տիրոջ չարչարանքներուն», մի տեսակ հպարտությամբ տարան։

Օրինակի համար՝ ես հիշում եմ, նրանցից մեկն աղաղակում էր ծաղրի ժամանակ՝ աչքերը երկինք հառած և բազկատարած.

— Տեր Հիսուս Քրիստոս, քո ճամփայեն կերթամ կոր...

Քրիստոսի ճանապարհն այն էր, որ նրա նման իրենք էլ ծաղրվում էին սուրբ հոգու համար։

Շատերը բավական սպասեցին խանութը բաց անելու, մինչև որ բազմությունը հոգներ և մոռանար, բայց բազմությունը ո՛չ հոգնեց և ո՛չ էլ մոռացավ։ Բոլորն էլ գիտեին, թե ով դուրս չի եկել և երբ է մտադիր դուրս գալու։

Եվ ամենավերջինն էլ չազատվեց ծաղրից։

Մի ամիս հետո լուր ստացվեց, որ մր. Ջեյկըբը Տիգրանակերտից դեպի Մուսուլ գնալիս՝ սպանվել է անհայտ չարագործների ձեռքով։

Երբ այս լուրը հորս հայտնեցին, ասաց.

— Չարյաց մեծագույնն ի չիք եղավ։


* * *

Բողոքականնե՜ր... ինչպե՞ս էր ստեղծվել բողոքականների համայնքը։

Ով եկեղեցու մի պաշտոնյայից սրտնեղեր, վարդապետից կամ քահանայից, տիրացուից կամ ժամկոչից, գնում էր ժողովարան, աղոթք էր անում և «դարձի» գալիս։ Մի հյուսն կար, որ գժտվել էր լուսավորչական եկեղեցու ժամկոչի և նրա կնոջ հետ (նրանք հարևաններ էին) և գնացել, բողոքական դարձել։ Անունը Մամբրե էր։ Սովորություն էր, որ երբ մեկը բողոքական դառնար, նրան պարոն էին կանչում։ Մեկ օրից մյուսը Մամբրե ախպարը դարձավ պարոն