Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/12

Այս էջը հաստատված է

նրա բոցագույն փայլից՝ մի ձեռքով բռնեցի մայրիկիս մազերը, կախվեցի առաջ — ուզում էի ավելի մոտ լինել լուսնին — և մյուս ձեռքով ես էլ սկսեցի կանչել։ Մայրիկս նայեց ինձ և հանկարծ սեղմեց ինձ կրծքին այնպե՜ս պինդ, այնպե՜ս գորովալից։ Թեև ես կորցրի լուսինը, բայց դուրեկան էր ինձ համար մորս սեղմումը, ինձ դուր էր գալիս մորս բուրումը։

Առաջին անգամն էր, որ ես այդքան բարձրից դիտում էի շրջապատը — ընդարձակ և զմրուխտյա մի դաշտ՝ կապույտ լեռների շղթայով երիզված։ Մայրիկիս թևի վրա նստած՝ մի ձեռքով բռնած մորս մազերը, ես ինձ նետում էի առաջ, ուզում էի թռչել դեպի զմրուխտյա դաշտերը. ինձ այնպես էր թվում, որ եթե մայրիկս թողնի, ես պիտի կարողանամ ցատկել դիմացի կտուրը և այդ կտուրից էլ դեպի դաշտը։ Հարևան կտուրը բարձրացավ մի կին և, տեսնելով լիալուսինը, խաչակնքեց և մեզ դառնալով՝ ասաց.

— Չոճուխը տեներն[1] ես հաներ...

— Հա...

— Քա, ինչքան գերցեր է, աչք չիտամ...

Մայրիկս քնքուշ կշմտեց իմ ամենափափուկ տեղը։ Ես այլևս չլսեցի, թե ինչ խոսեցին, ինձ հափշտակել էր ընդարձակ և անդորր տարածությունը։ Դաշտում իմ աչքին խփում էին մինարեները և կաղամախիները, երկուսն էլ դեպի երկինքն էին թռչում, երկուսն էլ օրորվում էին մթնշաղում։ Կտուրից ես սկսեցի տեսնել և տները, հենց առաջին անգամ տեսա մեր տունը։ Մինչև այդ ինձ միայն փողոցի դուռն էին հանում կամ շատ-շատ լուսամուտի առաջ, կանգնած բռնում էին, որ դիտեմ, ես տեսել էի մեր դիմացի տունը և նրա ձևը, մեր տունը դեռ չէի տեսել. չէի տեսել այնպիսի կետից, որ կարողանայի ամբողջականապես ըմբռնել նրա ձևը։ Երբ մայրիկս ինձ տարավ կտուրի մյուս ծայրը, ես ներքև նայեցի և տեսա մեր պարտեզը. տեսա ավազանը, որ փոքրացել էր, տեսա Գոգոյին, որ ծաղիկներն էր ջրում, նա էլ կարճացել էր, թփերը, մեծ ծառերն անգամ թզուկացել

  1. Կտուր: