Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/120

Այս էջը հաստատված է

Եվ անգլերեն լեզվի մասին գաղափար կազմելով միայն տգետ ամերիկացի միսիոնարներից և ամերիկահայերից՝ ես ատում էի այդ լեզուն։ Հետագայում, երբ ինձ վիճակվեց տիրապետելու անգլերենին և ամերիկյան կրթություն ստանալու, համոզվեցի, որ Շեքսպիրի, Դիկկենսի և Բայրընի լեզուն խոսելու համար ծամածռություններ հարկավոր չեն։

Բայց ամերիկահայերի ծամածռությունները տևում էին միայն մի քանի տարի. հենց որ Ամերիկայից բերած հագուստները մաշվում էին և տեղականով փոխարինվում, լեզուն էլ մաշվում էր և փոխարինվում էր մայրենի լեզվով։ «Չեմ կրնաաարրր» միմոսական ձևը դառնում էր պարզ և մարդավարի «չեմ կրնար»։

Ամերիկայից վերադարձողները հատկանշական էին և մի ուրիշ բանով՝ ունեին ոսկե ատամներ։ Չկար ոչ մի ամերիկահայ, որ ոսկե ատամ չունենար — բացարձակապես։

Եվ այդ ոսկե ատամը մեզանում բոնտոն էր համարվում։ Եվ որովհետև նրանք ոսկե ատամ ունեին, կարողացան ձեռք ձգել սիրուն աղջիկներ կնության համար։ Նրանց 99 տոկոսը դարձավ արժանավոր միայն ոսկե ատամների համար։ Եվ մեծ քույրս զոհ գնաց մի ոսկե ատամնավորի... Բայց ես չէի ուզենա պատմել այս պատմությունը, դա ինձ մորմոքում է, այդ հիշողությունն այրում է իմ սիրտը։

Էշ Օվաննեսը (պարոն Հովհաննեսը) երկու ոսկի ատամ ուներ վերին ծնոտի առաջամասում։ Այդ բոլոր եկողների մեջ պարոն Հովհաննեսը չկարողացավ աղջիկ գտնել, որովհետև նախ՝ չափազանց գերագնահատեց իր ոսկե ատամները և սկսեց շատ բարձրերը քիթը խոթել և ապա՝ պարզապես էշ էր։

Էշ Օվաննեսի վերադառնալուց մի քանի տարի հետո՝ նրա դեմքի վրա նոր ծալքեր ավելացան, որովհետև միշտ ծիծաղում էր՝ իր ատամները ցույց տալու համար։ Երբ ծիծաղում էր, ոսկե ատամները շատ լավ երևում էին, դրա համար որդեգրեց միշտ ծիծաղելու մի անճոռնի սովորություն։ Միշտ ծիծաղելուց՝ դեմքի վրա առաջացան արհեստական ծալքեր։