Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/127

Այս էջը հաստատված է

դուր էր գալիս այդ քթի միջից խոսելը, այնքան էր դուր գալիս, որ ուզում էի բոլոր աղջիկներն էլ քթից խոսեին։

Շեմսիի համար այդպես չէր, նա անընդհատ ծաղրում էր Սանիեին, որ քթից էր խոսում։ Եվ Սանիեն ինձ մոտենում էր անսահման ջերմությամբ, զգալով, որ, ընդհակառակն, ինձ դուր էր գալիս իր ծաղրի առարկա պակասությունը և թողնում էր, որ իմ ձեռքերս ազատորեն պտտեցնեմ իր մարմնի բոլոր մասերի վրա...

Ծիծաղում էր Սանիեն։

Կարկաչում էր երկինքներից հոսող կապույտ առուն...


* * *

Բայց երբեմն ես և Շամսին կռվում էինք իրար հետ։ Կռվում էինք առանց պատճառի։

Նա ինձ հանկարծ անվանում էր «կյավուր»[1], իսկ ես անմիջապես նրան անվանում էի «իթ»[2]։

Այս բառերը մենք սովորել էինք մեր տներից և դպրոցներից։ Բոլոր թուրքերը հայերին կյավուր էին անվանում, և բոլոր հայերը թուրքերին՝ իթ։

Հորս մոտ գալիս էին թուրքեր, արժանանում էին մեծագույն հյուրասիրության, բայց երբ գնում էին, սիրալիր և հարգալիր ողջույններով բաժանվում, հայրս նրանց ետևից մրթմրթում էր «իթեր»։

Իհարկե, երբ հայրս էր դուրս գալիս մի չափազանց հարգալից հյուրասիրությունից, նրա ետևից թուրքերը մրթմրթում էին «կյավուր»։

Կյավուրը և իթը, անհավատը և շունը չէին կարող ապրել իրար հետ։

Որևէ թուրք երբ ինձ կյավուր էր անվանում, ես ինքնաբերաբար իթ էի անվանում փոխադարձ, բացի Սանիեից։

Սանիեն ակացիայի ծաղիկն էր, որ բուրում էր գարնանային զով գիշերում։

Երբ ձերբակալված և շղթայակապ մի հայի կամ մի

  1. Անհավատ։
  2. Շուն։