Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/129

Այս էջը հաստատված է

Իմ մեջ բոցավառվում է մի կարոտ, ուզում եմ տեսնել նրան, խոսել հետը։

Վերցնում եմ նետած ծաղիկը, տանում եմ տուն, հոտոտում եմ անվերջ։ Այդ ծաղիկից անցնում է իմ հոգուն մի անիմանալի դող, խայտանքով լեցուն մի սարսուռ։

Կրոնավորը վաթսունն անց է, կռացած մեջքով, չար, դեղին աչքերով։ Ածիլում է ցցված այտոսկրները, միրուքը կլորում, հինայում։ Ամեն դուրս գալուն խստիվ պատվերում է մյուս կանանց — հսկել Բահրիեին, չթողնել լուսամուտի մոտ գնալ, ճանճ չպետք է անցնի տնից ներս։

Բայց Բահրիեն, գարունքից կրակված, միջոց է գտնում ոչ միայն լուսամուտին մոտենալու, այլև ձեռքը դուրս հանելու, ծաղիկ նետելու և շշնջալու։

— Վաղը պարտեզն իջիր, քաֆթառները գնալու են,— լսեցի մի օր լուսամուտի ետևից։

Այդ ձայնը կարկաչեց իմ ականջին, զարթեցրեց իմ մեջ կինը...

Լսեցի ու անցա, բայց կարծես նա պոկեց սիրտս և լուսամուտի նեղ վանդակներից քաշեց ներս։

Հեռացա, բայց ձայնը շարունակեց հնչել իմ հոգում, ավելի և ավելի ուժգին։

Կանգ առա մի ծառի շվաքի տակ, արևը ծաղիկներ է հյուսել գետնի վրա, տեսնում եմ Բահրիեին այդ հյուսվածքի մեջ, հովը շնկշնկում է տերևների մեջ — Բահրիեն է խոսում.

— Վաղը պարտեզն իջիր...

Գիշերը կանգնեցի կտուրի վրա, ակացիայի ճյուղերը կռացել են, լուսինը՝ ճիշտ մեր կտուրի վրա, Բահրիեի դեմքն եմ տեսնում լուսնի վրա՝ խոշոր, սև աչքերով, մազը կարճ կտրած, թափվել է ճակատի վրա։ Ժպտում է։

Առավոտյան բարձրացա մեր պարտեզի պատի վրա, ցատկեցի հարևանի պարտեզը, շորերս թրջվեցին առավոտի ցողից։ Պետք է երեք պարտեզից անցնել՝ Բահրիեի պարտեզը մտնելու համար։

Բարձրացա նրանց պարտեզի պատի վրա։ Դողում եմ, բայց ինձ թվում է, որ կարող եմ թռչել։

Բահրիեն տեսավ ինձ։ Վազեց։