անցնում։ Կարծես վազում է, եզան նման այդ դանդաղաշարժ մարդը, կարծես փախչում է վերահաս վտանգից։
Մի խումբ մարդիկ կուչ եկած, բայց արագ քայլերով աճապարում են քաղաքի մեծ հրապարակից։ Ուզում եմ մի բան հարցնել, բայց ոչ ոք գլուխը վեր չի բարձրացնում։ Արագ անցնում են։
Խանութները փակ են։ Ո՛չ կիրակի է, ո՛չ էլ ուրբաթ։ Մեկ-մեկ կիսաբաց խանութներ կան։ Ներս եմ նայում փեղկերից։
Մարդիկ նստած են անկյունները, կծկված, չեն խոսում, միայն ծխում են։
Ոչ ոք, ոչ ոք չի խոսում, նայում են ինձ մեկ-մեկ, ցավագին ժպտում։
Որքան մոտենում եմ մեծ հրապարակին, այնքան խորանում է լռությունը։
Մի կին ահաբեկված դուրս է գալիս, չսանրած մազերով, գրեթե գիշերային շորերով, բռնում է տասը տարեկան մի մանկան ուսից և աճապարանքով քաշում ներս, դուռը փակում։
Հասնում եմ հրապարակ։
Հրապարակի մեջտեղում, ընդհանուր ձյունի սպիտակության մեջ, մի սև կույտ։ Չորս զինվոր՝ փայլփլացող սվիններով, կանգնել են այդ սև կույտի բոլորտիքը, հատ-հատ մարդիկ, կծկված և ահաբեկված, մոտենում են, դիտում, աչքերը փակում և անցնում լուռ։
Մոտենում եմ։
Տեսնում եմ առանց մարմնի մի գլուխ։
Ձյան վրա արյունը սառել է, սևացել։ Գլուխը պառկած է, քնելու նման։
Դառնում եմ մյուս կողմը — թևերը ձյան մեջ խրած մի մարդ՝ առանց գլխի։
Սառած մնացել եմ, ոտքերս չեն շարժվում։
Զինվորներից մեկը հրամայում է.
— Հեռացի՛ր։
Հեռանում եմ։