Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/136

Այս էջը հաստատված է

Հնարավորություն չկար թաղելու։

Երեք օր հետո կատարվեց թաղումը, և ձերբակալվածներն ազատ արձակվեցին, որպեսզի մասնակցեն թաղմանը։ Բազմահազար մասսա էր հավաքվել թաղմանը, եկել էին մարդիկ և հեռավոր գյուղերից։ Թաղումը, տեղի ունեցավ առանց որևէ ծայրահեղությունների, բոլորն էլ հանգստացել էին, գլուխները կախ արել, բոլորն էլ երևում էին մի տեսակ ամոթահար։

Ինչո՞ւ։

Պարզվել էր, որ Հակոբ Սիմոնյանին սպանողը թուրք չի եղել, այլ մի երիտասարդ հայ, այն էլ տեսչի սաներից մեկը, որը երկու տարի առաջ ավարտել էր և զբաղվում էր ուսուցչությամբ։

Ինչո՞ւ էր սպանել Հակոբը Հակոբ Սիմոնյանին։

Սպանողի անունն էլ Հակոբ էր։

Հակոբ Սիմոնյանը ունեցել էր մի ազգականուհի, սիրուն մի աղջիկ, որին ոճրագործը սիրահարված էր եղել։

Աղջկա ծնողները տեսչից խորհուրդ են հարցրել իր աշակերտի մասին, որպեսզի վերջնականապես որոշեն աղջկա ճակատագիրը։

— Անմիտ և խենթ տղային մեկն է,— պատասխանել էր տեսուչը։

Ծնողները, իրենց աղջկան համոզելու համար, հայտնում են նրան ազգական տեսչի՝ իբրև քաղաքում ամենամեծ մտավորականի, կարծիքը, աղջիկն էլ, իր հերթին, հայտնում է Հակոբին տեսչի այդ կարծիքը՝ բացատրելու համար այն դժվարությունները, որոնք ծառացել են իր դեմ՝ նրա հետ կապվելու ճանապարհին։

Եվ ահա Հակոբը, անմիտ և խենթ, կտրել է տեսչի առաջ կես-գիշերին և դաշունահար արել տեղնուտեղը։

Քաղաքի ամենավերջին թուրքը մազաչափ մասնակցություն չէր ունեցել այս ոճրագործության մեջ։ Հայերը, ամոթահար, լռեցին, բայց թուրքերն աշխատեցին չմոռանալ այն։