Այս դեպքից մի ամիս անց, քաղաքի ամենակատաղի թուրքերից մեկի՝ Ահմեդ Չավուշի, կինը խեղդամահ գտնվեց իր սեփական անկողնում։
Ահմեդ Չավուշը մունետիկ էր, բարձր և խռպոտ ձայնով։
Եթե կառավարությանը հարկ լիներ մի որևէ հայտարարություն անել, կանչում էր Ահմեդ Չավուշին և նրան էր հանձնարարում անել այդ հայտարարությունը։ Հանկարծ ղողանջում էր Ահմեդ Չավուշի ձայնը. «...չանսացողները կբարձրանան կախաղան...»։ Նրա հայտարարությունները միշտ վերջանում էին պատժի գերագույն չափի անողորմ հայտարարությամբ։
Եվ հանկարծ, կես-գիշերին, մեր թաղում լսվեց Ահմեդ Չավուշի ձայնը. «Հայերը կնոջս խեղդեցին ու փախան, փախան...» — այս բառերից հետո լսվեց մի կատաղի մռնչոց, կարծես մի գազան էր ողբում։ Ձայնը լսվում էր կտուրից, նա բարձրացել էր կտուրը, պտույտ էր գալիս իր առանցքի վրա և գոռում, ձեռները վեր բարձրացնելով և ճոճելով օդում՝ «հայերը կնոջս խեղդեցին ու փախան...»։
Կես-գիշերին բոլորը նստեցին իրենց անկողինների մեջ, քնից զարթնած և սարսափած, խաչակնքեցին և լռեցին՝ սպասելով, թե ի՞նչ աղետ պիտի պատահեր առավոտյան։
Բայց աղետը չսպասեց առավոտյան, եկավ հասավ կեսգիշերին։
Ահմեդ Չավուշի տունը լցվեց ոստիկաններով և թուրքերով։
Հայերը եկել էին, մտել տունը, Ահմեդ Չավուշին կապել, բերանը բամբակով փակել, և երբ ճգնել էր իրեն ազատել, ծեծել էին, կնոջը խեղդամահ արել անկողնում և փախել,— այս էր Ահմեդ Չավուշի պատմությունը ոստիկաններին և թուրքերին։
Հայերն անգամ հավատում էին այս պատմության, որովհետև վրեժխնդրություն էին կարծում։ Ամիսներ առաջ Չավուշն էր եղել, որ մսագործի յաթաղանով կտրել էր երկու հայ հեղափոխականների գլուխները հրապարակով, միակ