Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/14

Այս էջը հաստատված է

Եվ հորս ներկայության, նրա խստագույն ցուցմունքների և հրահանգների համաձայն՝ հյուսնը շինեց հորս դագաղը...

Մայրս, առանձին սենյակում, ողբում էր աղիողորմ, մինչդեռ հյուսնը, հորս հետ կատակելով, պատմություններ պատմելով և մեկ-մեկ օղի ճնկելով, չափում էր ընկուզե տախտակը, կտրում, հղկում, ագուցում և փայլեցնում։

— Ուստա Մարգար, հեչ գամ չպիտի գործածես,— պատվիրում էր հայրս։

— Գլխուս վրեն, հաջի էֆենդի։

Իսկ ես, միամտորեն, թեթևագույն հոգով, դիտում էի ուստա Մարգարի աշխատանքը։ Կարծում էի, որ հայրս պատրաստվում էր ճամփորդության, գնալու էր Ստամբուլ կամ ավելի հեռու քաղաքներ և ինձ նվերներ էր բերելու:

Ամեն անգամ երբ նա վերադառնում էր ճամփորդությունից՝ ողողում էր տունը նվերներով:

Ուստա Մարգարը շինեց դագաղը, վերջացավ։ Կարծես մի սեղան շինեց կամ մի պահարան: Այնքան անտարբեր:

— Հաջի էֆենդիիս պատմեմ, ասկե քսան տարի առաջ...— պատմում էր ուստա Մարգարը, ծիծաղում ու հղկում տախտակը։

Բայց երբ հայրս ընտանիքի բոլոր անդամներին դուրս հանեց, որպեսզի դագաղի մեջ պառկի վերջին անգամ ստուգելու՝ ուստա Մարգարն էլ դուրս ելավ սենյակից սարսափով։

— Ղուրբան ըլիմ աստծու զորության, ասլան ջիգեր ունի,— ասաց ուստա Մարգարը։

Դուրսը բոլորն էլ լաց էին լինում, բոլորն էլ մասնակցում էին մորս ողբին։

Իմ աչքերն էլ լցվեցին արցունքով։

Իմ հոգու թեթևությունը փոխվեց մի մթին ծանրության։ Ականջիս շշուկ ընկավ, որ հայրիկը շուտով պետք է մեռնի...

Ինձ պատեց մի վախ։ Այդ վախը գնալով աճեց։ Մինչև երեկո նա տիրեց ամբողջ իմ հոգուն։