Սանիեին, որ կանգնած ժպտում էր։ Իմ և նրա ձեռքերը երկարեցին իրար, ինչպես մարդու սեփական ձեռքերը, երբ սիրտը ցանկանում է ծափահարել։
Շատ վաղուց էր ես Սանիեին չէի տեսել առանց մանիշակագույն ամպի։
Նա մի քիչ, շատ քիչ, կորցրել էր իր եթերայնությունը, բայց դարձել էր արյունալի։
Երբ ես ձեռքն ուժգին սեղմեցի, կարմրեց, շրթունքները դողացին և ինչ-որ շշնջաց՝ մորը դառնալով։ Այդ շշուկի մեջ այնքան կանացիություն կար, որ ես նրան անմիջապես պատկերացրի ավազանում լողանալիս, և ավազանի սառը ջուրը սարսռում է նրա մարմնի արևային ջերմությունից։
Համբույրներն ու գրկախառնումները ոչինչ չօգնեցին, որովհետև մի քանի օր հետո իսկ, «իմաստուն» հայեր շշնջացին ուրիշ ականջների՝
— Չի խաբվիք։
Եվ «իմաստուն» թուրքեր ևս շշնջացին՝
— Զգույշ, հայերը կուզեն մեր երկիրը իշխեն և վերացնեն կրոնը։
Կարծես ժամանակը ետ դարձավ։
Երբ մենք փոքր էինք, մի խաղ էինք խաղում, որ կոչվում էր «հայ և թուրք»։ Դա պարզ մի խաղ էր՝ մեջտեղը մի քարակույտ, որ ամրոց էր կոչվում, մանուկները բաժանվում էին երկու մասի՝ ամրոցը գրավելու։ Բաժանված խմբերից մեկը կոչվում էր հայ, իսկ մյուսը՝ թուրք։
— Ծո՛, թուրքերը մտան...
— Հայերը բերդին կմոտենան, տվեք գլխներուն։
Եվ սա համարվում էր անմեղ խաղ։
Այդ խաղը շարունակվեց մինչև իմպերիալիստական պատերազմը։ Այդ պատերազմում խաղացվեց նույն խաղը,