Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/149

Այս էջը հաստատված է

— Անոթի մարդիկ են,— պատասխանեց հայրս,— չեմ մեղադրեր։

Ալին հավատարմությամբ և հերոսությամբ պաշտպանեց մեր ագարակը՝ ամեն 8 և 10 օրը մեկ անգամ արյուն թափելով մի թփի և կամ աննշան մի տերևի համար։

Մի օր Ալին տնկվեց հորս դիմաց՝ ինչ-որ մտքերով պաշարված։ Աչքերը փայլում էին, կարծես մի բան էր գտել և ուզում էր հորս հայտնել, բայց ամաչում էր ու քաշվում։

— Ի՞նչ կա, Ալի,— հարցրեց հայրս։

— Հաջի էֆենդի, բան մը պիտի ըսեմ, ամա կամչնամ, վախենամ վրաս խնդաս։

— Ըսե, մի վախնար, եթե խնդալու է, կխնդանք, ինչո՞ւ կքաշվիս։

Ալին կմկմալով, բայց խորապես համոզված շեշտով, սկսեց.

— Հաջի էֆենդի, որոշեցի բոբիկ ոտքով Մեքքե էրթամ, հաջի ըլլամ ու ետ գամ։ Ուխտ եմ դրեր, կուզեմ կատարել։

— Շատ աղեկ բան ես մտքիդ դրեր, Ալի, գնա, բայց ինչո՞ւ բոբիկ ոտքով։

— Բոբիկ ոտքով, որպեսզի միտքս դրած մուրազս կատարվի։

— Շատ աղեկ, շատ աղեկ,— եզրակացրեց հայրս։

Ալին մի բան էլ ուներ ասելու, ավելի շուտ այս բանի համար էր, որ նա սկզբից ամաչում և քաշվում էր։

— Հաջի էֆենդի, ես քու ոտքիդ ղուրբան ըլլիմ,— պաղատեց Ալին։

Հայրս հասկացավ։

— Ալի, ըսե, ես քեզի շատ բան եմ պարտական։

Ալին համարձակվեց։

— Հաջի էֆենդի, երկու ոսկի տաս ինձ, ճանապարհին անոթի չմեռնեմ,— կմկմաց։

— Երկու ոսկին քիչ է,— պատասխանեց հայրս,— քըզի տասնևհինգ ոսկի կուտամ։

Ալին կռացավ և հորս վերարկուի քղանցքները համբուրեց։

Հաջորդ օրն իսկ Ալին հայտարարեց իր ուխտագնացությունը։