Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/155

Այս էջը հաստատված է

գլուխ բերեց զանազան գործեր՝ ետ առավ գրավված հողեր, իր բարեկամներին և ազգականներին բանտից հանել տվեց, մինչև անգամ արտոնություն ստացավ ընդարձակելու հայոց գերեզմանոցը, մի հարց, որի համար մի ամբողջ սերունդ չարչարվել էր, մինչև անգամ Պոլիս, սուլթանի մոտ, պատգամավորություն էր գնացել և մերժված վերադարձել...

ԺԹ

Մենք մի հարևան ունեինք, որ աղավնի էր խաղացնում՝ աղվընիկ խաղցնող Ակոբը։ Մոտավորապես հարյուր թև աղավնի ուներ նա։

Աղվընիկ խաղցնելը համարվում էր ամենաստոր զբաղմունքը։

Ծերերն ասում էին՝ «Աղվընիկն անմեղ է, բայց մահ է»։

Մինչև անգամ, երբ աղավնի էին տեսնում երազում — սարսափում էին նրանք։

Ամեն անգամ, երբ մայրս տեսնում էր աղավնին մեր կտուրի վրա իջած, ահով էր բռնվում։

— Աղվընիկր տեներին (կտուրին) վրե է նստեր, ասում էր և խաչակնքում դողահար։

Հին այդ երկրում որևէ մեկին անարգելու համար «աղվընիկ խաղցնող» էին կանչում, եթե մինչև անգամ աղավնիների հետ կապ էլ չունենար։

Դպրոցում մեր կրոնի վարժապետը դաս չիմացող աշակերտի երեսին թքում էր և բղավում.

— Դասդ չես գիտեր, աղվընիկ խաղցնող։

Մենք կարող էինք գանգատվել դպրոցի տեսչին, որ խոսակցության ընթացքում մի աշակերտ մի ուրիշ աշակերտի «աղվընիկ խաղցնող» ածականով է որակել։ Սա ավելի ստոր հայհոյանք էր համարվում, քան մորը հայհոյելը։

Իսկ իսկական աղվընիկ խաղցնողին մատով էին ցույց տալիս, ինչպես պոռնիկին և գողին։

Ոչ միայն աղվընիկ խաղցնողին աղջիկ չէին տալիս և աղվընիկ խաղցնողի տղին, այլ նաև աղջկան չէին ուզում։