աղավնիները, ինչո՞ւ էին անարգում, անպատվում աղվընիկ խաղցնողներին, մանավանդ աղվընիկ խաղցնող Ակոբին։
Երեկո է։ Արևը դեռ չի թաղվել հեռավոր սարերի ետևը, քիչ տեղացող անձրևը մաքրել է երկրի դեմքը։
Պայծառ լույս է։ Լուսամուտների ապակիները փածկլտում են։
Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արեց աղավնիների դռնակը։
Աղավնիները թռան դուրս ուրախ համերգով։
Ոմանք սպիտակ են, կաթնագույն։ Թռչելիս մի բմբուլ է պոկվում, օրորվելով ընկնում գետին, մանուկները վազում են, իրար ձեռքից խլում, ձեռք բերողը ամրացնում է գդակին։ Ոմանք ժայռային մուգ-կապույտ գույն ունեն, ոմանք՝ տեղ-տեղ սպիտակ, մուգ գույնով, լուսնկայի կաթնային սկավառակի վրա մուգ գույնի թղթի կտորներ փակցվածի նման, ոմանք՝ ծխախառն բոցի գույնով, արևմարի վերջին շողերի նման, ոմանք' դեղնագույն կարմիր, կարծես աշնան տերևներ են հագել։
Օդում երբ կաթնագույնները հանդիպում են բամբակի կույտերի նման սպիտակ ամպերի ֆոնին, էլ չեն երևում, կարծես հալչում են, իսկ երբ ամպերը մթին էին լինում՝ մոխրագույններն էին անէանում, կարծես լուծվում էին ամպերում։
Ահա մի զույգ, կրծքները կլորաձև կանաչին է տալիս, բայց երբ մի ակնթարթ փոխվում են դիրքերը, կանաչը կորչում է և մանիշակագույնին է տալիս։
Նազանքով և մրմունջներով կտուրի վրա քայլում է մի ուրիշ խումբ, ամբողջովին շագանակագույն-սուրճի և շաքարի փոշու խառնուրդ — երբ թռչում են, պոչերն աղեղնաձև բացած, քչքչում են, վիզերը հարատև շարժման մեջ, ջրի նման շարժուն — այնքան թեթև, դարձդարձիկ ու լույծ՝ ալիքի վրա նետված գնդակի նման։