Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/160

Այս էջը հաստատված է

հոգեվարք։ Մութը պատում էր նրան, որի աղավնին — հմայված մյուսից — գնում էր նրա ետևից։

Դրանից սկսվում էր մահացու թշնամությունը մինչև արյուն, մինչև մահ։

Պարտված աղավնու տերը զգում էր իրան ցեխի մեջ տրորված, անպատված։ Նրա համար ավելի նախընտրելի էր որ ինքը խայտառակվեր ամբողջ քաղաքում, քան թե իր աղավնին պարտվեր պայքարում։

Թշնամությունը տևում էր սերունդից սերունդ, չէր մոռացվում ահավոր անպատվությունը։

Եվ հաճախ պարտված աղավնու տերը, չհամբերելով, որ մի օր անցնի և պատահարը դառնա պատմություն, գալիս, կանգնում էր հաղթանակող աղավնու տիրոջ տան շեմքին։

Փայլում էր դանակը։

Հավաքվում էր աղվընիկ խաղցնողների և աղավնու սիրահարների խումբը, բաժանվում երկու մասի։

— Խարդախությամբ տարավ աղվընիկս,— գոչում էր պարտվողը։

Ի՞նչ խարդախություն կարող էր չլինել անմեղ թռչունների սիրային պայքարում, այն էլ օդում։

— Ետ տի տաս աղվընիկս, չէ նե...— և ցույց էր տալիս դանակը։

Հաղթանակող աղավնու տերը, շողացնելով մի ուրիշ դանակ, հայտարարում էր.

— Ուր կուզես նե գնա, չիմ տար, էրիկ մարդ ես՝ դիմացիր։

Դանակները զարկվում էին իրար, նրանց զիլ և սուր զնգոցը ճեղքում էր օդը — իրարանցում, խռնվում, քաշքշոց, շորերի պատառոտում, կանանց և երեխաների լաց և... հոսում էր արյունը մեկնումեկից։

Եթե պարտվող աղավնու տերն էր արյուն թափողը, ամիսներով նրան չէր կարելի տեսնել քաղաքի փողոցներում։ Նա փակվում էր տանը, լուսամուտների վարագույրները քաշում։

— Կնկանը վարտիքն է մտեր, դուրս չելլեր,— ասում էին նրա հակառակորդները։