Իսկ եթե հաղթանակող աղավնու տերն էր արյուն թափողը, վերքը կապելուց հետո՝ դուրս էր գալիս փողոց, գլուխը բարձր բռնած, ֆեսը հասցրած մինչև մոնթերը և ծոպն առաջը — ամենագոռոզ և ամենալկտի ֆես դնելու ձևը — քայլում էր ոչ ոքին չբարևելով, ոչ ոքի երեսին մտիկ չտալով։ Ռազմի դաշտից վերադարձած արյունարբու հերոսի նման։
Ահա թե ինչու ծերերն ասում էին, որ աղունիկն անմեղ է, բայց մահ է, աղավնու կաթնագույն թևերի տակ արյուն կար և մահ։
Բայց այդ զարհուրանքից և արյունից հետո էլ իմ հոգին ձգտում էր դեպի աղավնիները։
Երբ փողոցում դանակներ էին շողում և ատելությամբ զարկվում իրար, վերևում, պաղպաջուն և կապույտ երկնքում, աղավնիները շարունակում էին ճախրել ու դառնալ իրենց անմեղության պարը։
Ի՞նչ կապ ունեին աղավնիները մարդկանց պատվի, դիրքի և չարության հետ։ Նրանք ճախրում էին արևի շողերի ծովում, շողերի հեշտագին աչքներում, ինչ փույթ, թե ներքևում մարդիկ արյուն էին թափում և թափված արյան հանցանքը փաթաթում իրենց սպիտակ և անմեղ վզերին։ Մեկը հմայվում էր մյուսից, հանձնվում էր նրան, հետևում էր, գալիս, իջնում էր նրա տաքուկ բույնը, ամբողջ գիշերն քչքչում, կտուցը կտուցին զարկում, հարբում սիրուց և առավոտյան, արևի շողերի տակ, շարունակում սիրո անմեղ խաղը։
Մեր հարևան աղվընիկ խաղցնող Ակոբն արհեստով սափրիչ էր։
Նա այդ արհեստին օրվա քիչ ժամանակն էր նվիրվում։ Նա գրեթե միշտ կտուրի վրա էր, աղավնիներն էր թռցնում, ետ կանչում, նորից բաց թողնում, հետևում յուրաքանչյուր աղավնու թռիչքին, հետևում սրտատրոփ և հափշտակված։
Ակոբը թեև լավ ածիլող, մաքրասեր սափրիչ էր, բայց