Մի օր, մի պարտված աղավնու տեր կանգնեց Ակոբի դռանը, հետն առած կողմնակիցներին (գրեթե բոլորն էլ Ակոբի աղավնիներից դաղված աղվընիկ խաղցնողներ)։
Եկավ, կանգնեց և գոռաց.
— Դո՛ւրս եկուր։
Երբ Ակոբի կինը լսեց գոռոցը և փոքրիկ լուսամուտից տեսավ փողոցում կանգնած աղվընիկ խաղցնողներին, մանավանդ երբ տեսավ փայլփլացող դանակը, գլխաբաց, նիհար, մոմի նման դժգույն ձեռքերը պարզած՝ վազեց դեպի կտուր տանող սանդուղը։
Այդ ժամանակ Ակոբը, դանդաղ, ծանր քայլերով, իջնում էր կտուրից։ Դեմքն ամբողջովին այլափոխված էր, շրթունքները դողում էին զայրույթից։
Կինն ընկավ ամուսնու ոտը.
— Ոտքդ պագնիմ, մ’երթա։
Բայց Ակոբը հավի նման շպրտեց կնոջը։
— Էրիկ մարդ եմ, շատ մի խոսա։
Նա լուռ առաջացավ դեպի պահարանը, որի բանալին միայն իր մոտ էր լինում։ Բանալին ծակը խրելու հետ միասին՝ կինն ընկավ սալահատակին ուշագնաց։
Ակոբը բաց արավ պահարանը, դուրս բերեց հին, պապենական դանակը, քաշեց պատյանից, համբուրեց սառը պողպատը, նորից դրեց պատյանը և գնաց դուրս։ Աղջիկր տանը չէր, կինը մնաց սալահատակին ընկած։
Ակոբի դռան առաջ երևնալը և դանակը բոցի նման շողացնելը բավական եղավ, որ հակառակորդները նահանջեն, որովհետև մինչև այդ Ակոբի կողմնակիցներն էլ հավաքվեցին։
Քիչ անց՝ ոչ ոք չմնաց Ակոբի դռանը, այն ժամանակ Ակոբն ամոթ չզգաց ներս գնալու։
Ակոբը տեսավ կնոջն ընկած գետնին, բարձրացրեց նրան, մի քիչ ջուր սրսկեց երեսին, և երբ կինն ուշքի եկավ, ասաց.
— Հեչ ջիղեր չունիս, կնիկ, մեղք որ իմ կնիկս ես։