Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/166

Այս էջը հաստատված է

և նրա ամբողջ դեմքը փայլում էր անձրևից լվացված կանաչի նման։

Բայց կինը հանգիստ չէր տալիս նրան, կրկնում էր անդադար.

— Աղջիկ զավակ ունիս, հողը դիր, ազատվի։

Բայց Ակոբն ինչպե՛ս ազատվեր աղավնիներից։

Աղավնիների ամեն մի բմբուլը կապված էր նրա հոգու հետ։

Օրվա ամեն մի րոպեին, ինչ էլ որ աներ, քնած թե արթուն, նա ապրում էր աղավնիների հետ, լսում էր նրանց մրմունջը։

Փողոցում քայլելիս՝ հանկարծ մի թռչուն էր թռչում նրա գլխի վրայից։ Ակոբը ցնցվում էր և աչքերը հառում վեր։

— Ես կարծեցի քի՝ աղվընիկ է,— ասում է Ակոբը և ժպտում։


* * *

Թափվեց տիեզերքի ձյունը նրա գլխի վրա։ Դարձավ ալեխառն՝ նման իր մոխրագույն աղավնիներին, բայց նա հոգով մնաց մանուկ, ինչքան հասակն առավ, ավելի ու ավելի մանկացավ։

Օրերով խանութը չէր բաց անում, որովհետև կարող էր հաճախորդին վշտացնել։

Ածիլած ժամանակն աչքը լուսամուտից դուրս էր։

Երբ օդում աղավնիներ էր տեսնում, թողնում էր հաճախորդին, գալիս կանգնում էր դռան առաջ, ածելին ձեռքը, սպիտակ խալաթը հագին, մոռանում էր, որ հաճախորդը սպասում է։

Երբ աղվընիկ խաղցնողն ամուրի էր լինում, մարդիկ նրա մորը, կամ եթե մեծ քույր ուներ՝ մեծ քրոջը, իոկ եթե որևէ հարազատ չունենար՝ իրեն էին հայհոյում։

Ակոբի աղջիկը մեծացել էր, մազերը հասել էին մինչև սրունքները, թշերն ու շրթունքները նռան նման կարմրել։

Էլ մոռացան նրա կնոջը և սկսեցին հայհոյել աղջկան։

Ակոբի կինն ավելի ընկավ ամուսնու ետևից.