Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/171

Այս էջը հաստատված է

իր մեկ հատիկ աղջկանը աղավնու արյունով ներկված իր կրծքին և շշնջաց.

— Իմ ճերմակ աղվընիկս... իմ բյութուն աղվընիկներս քըզի ղուրբան կէնիմ...

Ներքևում այդ ալեխառն գլխով մանուկը լաց էր լինում, թափում էր կոպերն այրող արցունքներ։

Իսկ երկնքից մաղում էր մանիշակագույն մոխիր աշխարհի վրա։


Ի

Վերջին անգամ իմ քայլերս ուղղվում են դեպի գերեզմանատուն, վերջին այցը տալու իմ հոր շիրմին։

Ինչքա՛ն է աճել այն թթենին, որ տնկել ենք մենք նրա շիրմի գլխավերևում։

Ուզում եմ խոսել հորս հետ։ Նա կանգնած է իմ առաջ իր բարձր հասակով։ Տխուր է, տխուր, ինչպես մի մենավոր ծառ ամայի հովտում։ Լռություն, անսահման լռություն...

Նայում եմ թթենուն, աչքերս խորասուզվում են դեպի նրա արմատները, որոնք բյուրավոր մազմզուկներով մտել են հորս գանգի մեջ և կերել ամբողջ ուղեղը, ահա բերանից ու աչքերից ներս են խուժում ծարավ թելիկները դեպի գանգի խոռոչը։

Թթի այն հատիկը, որ լեցուն է քաղցրությամբ, վերցրել է իր հյութը հորս գանգից և սրտից...

Թթենին՝ նա իմ հայրն է ճյուղավորված և կանաչած։ Քամին երգում է նրա տերևների մեջ։ Ոչ թե հայրս է լսում այդ երգը, այլ ինքն է երգում իր տերևներով։ Թթենու ստվերները գրկում են ինձ՝ հորս թևերն են փաթաթվում ինձ ու բարձրացնում վեր։

Ես լսել եմ քամու այդ երգը, լսել եմ իմ սրտում, երբ կարոտով, կարոտով, կարոտով երազել եմ քեզ, հայր, դա քո արյան երգն է, որ կարկաչում է իմ երազներում, դա այն երգն է, որ արևն է երգում, երգում է յուրաքանչյուր փոքրիկ