Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/175

Այս էջը հաստատված է

այդ այգիների խաղողի ողկույզը շողշողում է՝ որպես հողի աստղաբույլ։

Այգիներից դենը, ընդարձակ, անհուն դաշտում բամբակենին է ծաղկում և ծովի պես ծփում է արևագույն ցորենը։

Դաշտից անցնում է աշխարհի ամենահին գետերից մեկը, ամառը՝ կապույտ և վետվետուն, կարծես երկնքի մի երակը լինի՝ մխրճված հողի մեջ, գարնանը վարարում է և մռնչում առասպելական գազանների նման։

Դաշտի ծիրանը լինում է բռունցքի չափ, տանձը՝ ինչպես երեխայի գլուխը, քաղցր ու ջրոտ, խնձորի բույրն ավելի զգլխիչ է, քան արաբական ստաշխը, նուշը, բթամատի մեծությամբ, լինում է այնքան առատ, որքան հացը, թուզը քաղցրանում է մեղրի պես, վարդը, մռւգ-կարմիր և թավշյա թերթերով, վառվում է ճեղքված սրտի նման, կեռասը կախվում է՝ ինչպես արյան վիթխարի կաթիլ, իսկ մեխակր հնձում են՝ ինչպես խոտը։

Ահա բոլորի վրա կախվում է արևի հնոցը, որ նույնն է, ինչպես անժամանակ թվականներում։


Բ

Տակավին սրանից հարյուր տարի առաջ քաղաքի բնակիչները, օրը բոլոր, իրենց քրտինքը թափում էին դաշտում և այգիներում, իսկ գիշերները բարձրանում էին քաղաքը, որովհետև գիշերները դաշտն էին լցվում արյունարբու ավազակներ։

Ավազակները սպանում էին մարդկանց, կողոպտում և հեռանում, երբ լուսաստղն էր փայլում պաղպաջուն երկնքում։

Դաշտում, տակավին հարյուր տարի սրանից առաջ, ոչ մի տուն չկար, կային միայն ուռենու ճյուղերից շինված խուղեր, որոնք ծառայում էին մարդկանց միայն ցերեկները։

Բերքն առատ էր լինում, այնքան առատ, որ ոչ միայն պահում էր լեռան քաղաքի բնակիչներին և ավազակների հոծ խմբերին, այլև ձմեռը այդ բերքով կերակրվում էին բազմաթիվ