Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/181

Այս էջը հաստատված է

Այս բոլորի համար Անդրեասը բրուտանոցում դրեց չարխեր, որոնց վրա արդեն սկսեցին աշխատել իր չորս որդիներից առաջին երկուսը՝ Երեմիան և Գրիգորը։

Անդրեասը տեսնում էր քաղաքը, որ աճում էր իր աղյուսով և տեսնում էր սերունդը, որ աճում էր իր արյունով։

Եվ նա առանձին խնամքով և ուշադրությամբ հետևեց իր որդիների արհեստի տիրապետմանը։

— Երեմիա, որդիս,— ասում էր Անդրեասը,— չկա աշխարհում մի բան, որին կարելի լինի ավելի ձևեր տալ, քան կավը, մանավանդ այս կավը։

Եվ Անդրեասի որդիներն աշխատում էին բրուտանոցում՝ միշտ ունկնդիր վարպետ բրուտին, որ իրենց հայրն էր։

Բրուտանոցում հով էր, կավի զգլխիչ բույրով հագեցած։ Չարխերը դառնում էին, և բրուտների ձեռքերի տակ լպրծուն կավը պտտվելով այնպես, ինչպես ինքը՝ մայր-երկիրը, վերածվում էր կանոնավոր և իմաստուն ձևերի։ Կավի կոշտ և քաոսային զանգվածը երբ դրվում էր չարխի սեղանի վրա, և բրուտի ոտները պտտացնում էին անիվը, ոչ ոք չէր կարող գուշակել, թե կավի այդ կոշտ զանգվածը ինչ ձև էր ստանալու։ Լպրծուն կավը նախ կլորանում էր, լայնանում, ինչպես հղի կնոջ փորը, ապա նեղանում, նեղանում դառնում էր երկար մի վիզ, ինչպես վիզը կարապի և հանկարծ մի փայտիկի ծայրով կտրվում էր, և ահա պատրաստ էր հողե երկարավիզ անոթը։

Գինին երբ հոսում էր այդ անոթից, երգում էր ինչպես գարնանային առվակը։ Դաշտի բնակիչները ջուրը, գինին և թանը խմում էին Անդրեասի բրուտանոցում շինված և նրա հնոցում թրծված հողե կարմիր թասերով, խմում էին անհատակ բավականությամբ։ Ջուրը լցնում էին կարմիր և թեթև կժերի մեջ, կախում ծառերի հովում և երբ ըմպում էին՝ ատամների էմալը չէր դիմանում սառնությանը և քայքայվում էր։

Գիշերները նրանք ջրով լիքը կուժը կախում էին լուսամուտներից դուրս, հյուսիսից փչող քամու առաջ, և նրանք, որոնք իրիկունն առատ գինի էին խմել և մարմինները տոչորվում էին ծարավից, վեր էին կենում, բաց անում լուսամուտը,