Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/191

Այս էջը հաստատված է

Վարժապետը մատը տարավ քունքին, մի պահ լռեց — դա նրա մտածելակերպն էր — և ասաց.

Աստ հանգչի առաջին բրուտը երկրի
Անդրեաս
ծառա Հիսուսի Քրիստոսի
որդի Դավթի և Մարիամի

Բոլորը ոտքի կանգնեցին, խոնարհեցին գլուխներր, խաչակնքեցին լուռ։ Լսվեց ծանր դռան բացվելը, և լսվեց դաշտի քամու երգը, որ գալարվում էր ծառերի, որթատնկերի և բարձր, մարդահասակ խոտերի մեջ։

Քարտաշը փորագրեց օրը բոլոր։

Հաջորդ կիրակին, Անդրեասի հոգու համար մատուցված պատարագից հետո, հավաքվեցին պապի բոլոր որդիները, աղջիկները, թոռները, թոռների զավակները, վերցրին շիրմաքարը, անցան հեղեղատը, հանգչեցրին շիրմաքարը Դավթի և Մարիամի որդի Անդրեասի աճյունների վրա։

— Ո՞ւր է Հովնաթանը,— հարցրեց Երեմիան։

— Բրուտանոցում,— պատասխանեց մեծ հարսը։

— Ի՞նչ է շինում։

— Ո՞վ է իմանում,— ուսերը բարձրացնելով պատասխանեց մեծ հարսը։

Բոլորը վերադարձան։

Շիրմաքարը մնաց մենակ։

Երեմիան մտավ բրուտանոցը։

Հովնաթանը նստել էր չարխի կողքին, ձեռքը դրած չարխի վրա, գլուխը կախ, հոգնած և անքուն։

Հայրը մոտեցավ Հովնաթանին, պատրաստված խստիվ կշտամբելու պապի այն թոռանը, որին պապն ամենից շատ էր սիրում և որը ներկա չգտնվեց նրա շիրմաքարի հանգչեցնելուն, բայց երբ տեսավ չարխի վրայի կավի զանգվածը, ապշահար կանգ առավ։

Կավն արդեն ձև էր ստացել և որոշ չափով նմանվում էր պապին։

— Հովնաթա՛ն...— բացականչեց Երեմիան։