Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/192

Այս էջը հաստատված է

Հովնաթանը բարձրացրեց գանգրահեր գլուխը և ժպտաց կապույտ և հոգնած աչքերով։

— Հայրի՛կ,— կերկերաց Հովնաթանը,— ուզում եմ, որ պապն ապրի։

— Պապի ողջ արևը քեզ լինի, որդի,— շշնջաց անդրանիկ որդին։

Երեմիան դիտեց իր հոր փակված աչքերը, ինչպես մեռած օրը, դիտեց նրա երկար և խիտ հոնքերը, երկար մազերը, բաց և լայն ճակատը, կուրծքը ծածկող միրուքը և մի ձեռքը, ուռած երակներով, որ անկախ թևից, հանգչում էր կրծքի վրա։

— Հովնաթա՛ն... նորից բացականչեց ապշահար հայրը,— դո՞ւ շինեցիր։

— Այո,— պատասխանեց Հովնաթանը և ժպտաց կապույտ աչքերով։

Առաջին անգամ իր կյանքում Անդրեասի որդի Երեմիան անդրադարձավ կավի այդքան ազնիվ օգտագործման։ Նա երբեք չէր մտածել, որ կավը, բացի թասերից, գավերից, փարչերից և աղյուսներից, կարելի էր օգտագործել և անմահության համար։

Երեմիան, իբրև արձան, միայն տեսել էր Քրիստոսի խաչելությունը։

— Ի՞նչ անենք այս...

Երեմիան կանգ առավ, չկարողացավ խոսքը վերջացնել, որովհետև մինչև անգամ չիմացավ, թե ի՞նչ անուն պետք է տալ — ո՛չ աման էր, ո՛չ գավ և ո՛չ էլ կուժ։

— Արձա՞նը,— ասաց Հովնաթանը։

— Այո, արձանը,— շշնջաց Երեմիան։

— Տանենք և թրծենք։

Եվ հայր ու որդի տարին կավը, դրին հնոցի մեջ և գիշերը բոլոր վառեցին հնոցը։

Ոչ մի կիրակի իրիկուն հնոցը չէր վառվել։ Երբ ծուխն ամպի նման բարձրացավ, բոլորը զարմացան։

Առավոտյան նրանք վերադարձան տուն և քնեցին։

Նրանք զարթեցին միջօրեին, զարթեցին և վազեցին հնոցը, բարձրացան պատերի վրա, հնոցը դեռ տաք էր, բայց