Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/204

Այս էջը հաստատված է

խուժեց Երեմիայի գլուխը։ Նրա դեմքը և ականջները կարմրեցին, աչքերը կարծես պատրաստ էին արյուն կաթելու, իսկ մարմինն ամբողջ դողում էր զայրույթից։

Եվ հանկարծ ամեն ինչ մշուշվեց նրա աչքերի առաջ և ձեռքերը, ինչպես զոհի վրա հարձակվող ոճրագործի ձեռքերը, շարժվեցին կատաղությամբ։ Մի հարվածով այլանդակեց գլուխը, սեղմեց կրծքերը և տափակեցրեց, կոտրեց թևերը և թևերի կավով ծածկեց իր անամոթ աղջկա մերկությունը, տրորեց մարմնի բոլոր մասերը, վերածեց ամեն ինչ քաոսային զանգվածի, ապա փաթաթեց շորով և սկսեց քայլել դեպի դուռը։ Ձեռքը երկարեց դռան՝ բաց անելու, բայց հանկարծ սկսեց լաց լինել մանուկի նման։ Նա զգում էր, որ խորտակել էր մի ամբողջ կյանք, բայց զգում էր նաև, թե ինչու չկարողացավ զսպել իրեն։

Երբ եղբայրները մտան բրուտանոցը, գտան Երեմիային տխուր ու մռայլ, կարծես նրա աչքերի առաջ դրված լիներ մի թանկագին հարազատի դագաղը։

— Երեմիա, ինչո՞ւ տխուր ես,— հարցրեց եղբայրներից մեկը։

— Տխուր չեմ, շատ ուրախ եմ,— ասաց Երեմիան և ցավագին ժպտաց։

Ապա նա վեր կացավ և մոտեցավ չարխին, ոտներն սկսեցին շարժվել համաչափ ռիթմով, ինչպես կես դարուց ավելի։ Մի քանի անոթ ձևավորելուց հետո՝ նայեց պապի չարխին և տեսավ Հովնաթանին, որ աշխատում էր, շինում էր բարձր մի ջրաման, որ շատ նման էր մարդկային հասակի։ Երեմիայի ձեռքերը թուլացան՝ տեսնելով Հովնաթանի անդորրությունը և անգիտակցությունբ կատարված ոճրի։

Բանթողին Հովնաթանը մոտեցավ հորը, միամիտ և անգիտակ, բայց Հայրը չկարողացավ նայել որդու աչքերին։

Հաջորդ առավոտը Հովնաթանը և Մարգարիտը սողոսկեցին բրուտանոցը։

Հովնաթանը բաց արավ շորը, ճչալով գրկեց արձանի ծամածռված ոտները, ճակատը հանգչեցնելով թաց կավին։

Մարգարիտը վազեց դեպի եղբայրը, բռնեց նրա գլուխը, սեղմեց կրծքին և հարցրեց.