Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/210

Այս էջը հաստատված է

Երբ գարուններին բարձրանում էին հեղեղները, Մարգարիտը հոգածությամբ հողը վրա էր տալիս գերեզմանների կողքերին, որպեսզի հանգստարանները մնան անվրդով և չխռովվի նրանց տակ ննջող բրուտների հավիտենական սավառնումը։


ԺԵ

Եվ մի օր մի կառք կանգ առավ Անդրեասի որդի Երեմիայի հին տան դռանը։

Կառքից իջավ մի չափահաս մարդ, ծամերի մեջ արդեն սպիտակ ալիքներով, ընտանի քայլերով մոտեցավ դռանը և բախեց դռան երկաթը երեք անգամ, ըստ վաղեմի սովորության։

Դուռը բաց արավ մի անծանոթ կին։

Չափահաս մարդը, տեսնելով անծանոթ կնոջը, ամեն ինչ հասկացավ — հին տունն անցել էր օտարների ձեռքը։

— Որտե՞ղ են այս տան հին բնակիչները,— հարցրեց նա անծանոթ կնոջը։

Կինը խաչակնքեց։ Առանց խաչակնքելու չէր կարելի հիշել անցածներին։

— Որտե՞ղ է Դավիթը։

— Հարավի աշխարհում։

— Իսկ Մարգարի՞տը։

— Նա այժմ կինն է մետաքսագործ Գրիգորի, որդի Թադևոսի։

— Որտե՞ղ է նրա տունը։

— Ներքևի թաղի կամարակապ աղբյուրի ճիշտ դիմացը։

Նորեկը հեռացավ խոնարհություն անելով։

Փողոցներից անցնելիս՝ ոչ ոք չճանաչեց նրան։ Երեխաների մի բազմություն քայլում էր նրա ետևից՝ հափշտակված օտարական մարդու տարազից, մանավանդ հարդյա լայնեզր գլխարկից։

— Մարգարի՜տ...

— Հովնաթա՜ն...