Մարգարիտը գրկեց Հովնաթանի գլուխը, սեղմեց իր տաք կրծքին, ինչպես մանկանն իր առաջին, համբուրեց երկար, թափեց արցունքներ ջինջ, աստղային մաքրությամբ։ Արցունքը ջինջ է, երբ թափվում է ուրախության համար, որովհետև նա բխում է լուսավոր և զով հատակից։
Երբ քույրն համբուրում էր եղբոր գլուխը, քրոջ մանուկները փաթաթվեցին Հովնաթանի սրունքներին, նրանցից մեկը մինչև անգամ մագլցեց նրա ուսը։
Մանուկները լսել էին Հովնաթանի անունը, բայց ոչ ոք չհայտնեց նրանց, թե ահա եկել է մորեղբայրը, նրանք այդ զգացին բնազդով, և նրանց արյունը, մոր արյան նման, ոստոստեց երակներում։
Հաջորդ առավոտյան Հովնաթանը բռնեց Մարգարիտի ձեռքը, և նրանք գնացին վերի ավազանը՝ տեսնելու պապի, հոր և մոր գերեզմանները։
Մինչև գերեզմանները Հովնաթանը հարցրեց Մարգարիտին.
— Ի՞նչ եղան հորեղբայրները։
— Հորեղբայրները մեռան, ինչպես հայրիկը, որդիները դեռ աղյուս են թափում, տես այն հնոցի ծուխը, նրանց հնոցն է, որ վառվում է, իսկ մենք օտարականներ ենք գրեթե, երբեմն հանդիպում եմ մեկնումեկին փողոցում և բարևում։
— Հորեղբայրներն ինձանով չհետաքրքրվեցի՞ն երբևիցե։
— Հիշում եմ, մի անգամ մեծ հորեղբայրը հարցրեց՝ ի՞նչ լուր անպետք տղայից, չպատասխանեցի։
Հովնաթանը ցավագին ժպտաց։
Հասան վերի ավազանը։
Հովնաթանը վարդեր դրեց շիրմաքարի վրա, նայեց իր քանդակած և թրծած պապի արձանին, որ փշրվելով ավելի էր այլանդակվել, ծիծաղեց հոգում և բարձրացավ ավազանի