Իսկ այդ սքանչելի երկրի հատակում հոսում է թշվառությունը: Մարդկային քաղցը, զարհուրելի և ահավոր, գալարում է բազմություններ, բազմություններ հին ու նոր սերունդի, որոնք այնքան գեղեցկորեն և այնքան հոյակապորեն կառուցեցին մարմարյա քաղաքները։ Երկրի ընդերքում, խուլ տնքոցով, դոփում է մարդկային զրկանքը։ Եվ այդ խուլ տնքոցը շուտով, շուտով կվերածվի ծովի ահարկու մռնչյունի և աշխատավոր, ստեղծարար, բայց զրկված մարդիկ կբարձրանան հատակից՝ ինչպես ցիկլոնը և ինչպես հողմերից որոտացող ծառերը։
Երկիրը մարմարներով են ծաղկեցրել մարդկության այդ բազմությունները։
Այդ երկրում է ապրել աշխարհի և բոլոր ժամանակների մեծագույն քանդակագործը։
Ես իմ աչքերով տեսա նրա արձանները, իմ այս ձեռքերով շոշափեցի նրա մարմարները, որոնք դարեր շնչում են և ավելի կենդանի են, քան այժմ այդ երկրռւմ ապրող մարզիկը։ Տեսա իմ այս աչքերով, արձանն այն ծերունու, որ, ինչպես հին, առասպելապատում մատյաններն են հաղորդել, խոսել է աստծո հետ այրող ավազներից բարձրացող լեռան կատարին։ Աստված խոսել է, ըստ առասպելապատում մատյանների, ամպրոպի միջոցով, այն ծերունիին, որ ջրվեժի նման թափվող միրուք ունի, և որը ազատել է իր ժողովուրդը բռնակալությունից, քաղցից ու անապատի արհավիրքից։
Ես երկրպագեցի հին այդ վարպետին ու վարպետներին և սովորեցի նրանց արվեստը։ Եվ որոշեցի վերադառնալ ու քանդակել մեր կավով և մեր սպիտակ քարով։
Հովնաթանը լռեց։
Մարգարիտը հարցրեց.
— Հովնաթան, մե՞ծ է թշվառությունն այնտեղ։
— Այո, թշվառությունը ծովի չափ և ծովը թշվառության չափ։
— Իսկ ինչո՞ւ երկիրն այդքան գեղեցիկ է և թշվառությունը շատ։