Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/217

Այս էջը հաստատված է

աղեղը ձեռքին, կապարճն ուսին, թիկնեղ, ջլապինդ, ուռած կրծքով, պաշտպանում է այդ գանձարանը, որի մեջ ամփոփված է մարդկության ստեղծաղործության լավագույնը։

Ահա երկրորդը — երկու որբ, քույր և եղբայր, փաթաթված իրար՝ տոկալու կյանքի մրրիկին։

Ահա երրորդը — մի թռչող և մերկ աղջիկ՝ սուրը ձեռին։

Ահա չորրորդը — մի մարդ՝ ցնցոտիապատ, աչքերը թաշկինակով կապած, չոքած գետնին, գլուխը կախ դեպի մայր հողը, նրա կողքին դահճի մթին կերպարանքը, երկու ձեռքով բարձրացրած նրա վզին ծանր դաշույնը՝ պատրաստ գլխատելու։

Ահա հինգերորդը — մի մայր՝ թևերը պարզած, ծամերը հովին, խելահեղ վազքի մեջ, կարծես լսվում է նրա աղիողորմ ռղբը։

Ահա վեցերորդը — արևի տակ կրած հողի աշխատավորը, որի մեջքը, սրունքները, բազուկները պատմում են ահավոր հոգնածությունը։

Ահա յոթերորդը — մի քանի բանվորներ՝ իրար վրա բարձած մկաններով, քանդում են լեռը քլունգներով։

Ահա ութերորդը — մի ծերունի՝ նիհար, գրեթե միայն ոսկորների մի զանգված, ճաղատ գլխով, կարճատես, ձեռքեր՝ ուռած երակներով, կքած մի գրքի վրա։

Ահա իններորդը — մի աղջիկ՝ գրկած մի նորածին մանկան գլուխը, տխուր, մռայլ, որովհետև փախել է նրա հետ զվարճացող սրիկան։

Եվ այլ մանուկներ, այլ կանայք ու տղամարդիկ, բոլորն էլ թշվառ և ըմբոստ։

Հովնաթանը քանդակել էր նաև ձիեր՝ զանազան վազքերի մեջ, մի հղի շուն՝ ստինքների պտուկները հպած գետնին, մի արջ՝ որսորդին գրկած և մի առյուծ՝ մի ընտանի անասուն հոշոտելիս։

Մի ամբողջ աշխարհ էր շնչում Հովնաթանի աշխատանոցում։