Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/220

Այս էջը հաստատված է

Երկար քարացումից հետո՝ երևելիներից մեկը մի քիչ առաջ եկավ, խոնարհվեց և ասաց.

— Մի զայրանաք, սրբազան, լավ չէ ձերդ սրբության մարսողության համար։

Սրբազանը աջ ձեռքը, որի ցուցամատի վրա կար զմրուխտի մեծ ակով մի ոսկյա մատանի, տարավ փորին և շփեց բավականությամբ։

Հուսկ ապա հրամայեց սրբազանը.

— Տարեք այդ զիբիլը և փշրեցեք։

Գլխավոր քարտուղարը կանչեց ծառաներին։ Նրանք վերցրին արձանը և տարան։

Ազգի երևելիները հեռացան՝ խոնարհվելով սրբազանի առաջ, իսկ սրբազանը քաշվեց իր ննջարանը, որտեղ նրան սպասում էր իր տասնյակ պոռնիկներից մեկը։

Գլխավոր քարտուղարը փշրել չտվեց արձանը, այլ ուղարկեց իր տունը։ Ծառաներին տվեց ցորեն, ալյուր, շաքար, մեղր ու գինի և պատվիրեց ոչինչ չհայտնել սրբազանին:

Գլխավոր քարտուղարը տանը երկար դիտեց արձանը, նրան բռնեց մի հոմերական ծիծաղ, որովհետև հիշեց սրբազանի բազմելը թավշյա լայնանիստ աթոռի վրա, նրա գոռոզ նայվածքն ի սպասումն այն նվերի, որ Քրիստոսի եկեղեցու ամենահպարտ մի ծառան ամենախոնարհաբար ուղարկել էր իրեն։

— Փշրեցինք, դարձրինք փոշի և ավլեցինք ամենօրյա աղբի հետ,— զեկուցեց սրբազանին գլխավոր քարտուղարը։


ԺԹ

Արվեստագետի համար օրերը դարձան դժնդակ։ Քաղաքում շատ քչերը ողջույն էին տալիս նրան և ողջույնն առնում։ Սրբազանը նզովք էր կարդացել նրա գլխին՝ անաստված և անբարոյական։

Մարգարիտի ամուսինն անգամ դատապարտում էր, որ