Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/222

Այս էջը հաստատված է

Մարգարիտի ամուսինը դուրս եկավ և սկսեց քայլել դանդաչյունով։

Հասավ տուն, իջավ Հովնաթանի աշխատանոցը։

Հովնաթանի մուրճի հարվածները բախեցին նրա սրտին, մոտեցավ, բռնեց մուրճը և գորովանքով նայեց այն մարդուն, որին եղբայր էր կոչել։ Երկար ժամանակ էր, որ նրանք, ապրելով միևնույն տան մեջ, չէին հանդիպել իրար։

Հովնաթանը, տեսնելով նրա աչքերի մեջ եղբայրական հին զգացումը, նետեց մուրճը, բաց արավ բազուկները, և նրանք գիրկընդխառնվեցին ջերմությամբ և կարոտով։

Ապա Մարգարիտի ամուսինը պատմեց ամեն ինչ մանրամասնորեն։

Հովնաթանն ասաց.

— Եղբայր, զիջիր ինձ միայն այս ներքնահարկը։

Մարգարիտի ամուսինը գլուխը կախեց ամոթահար։

— Այնպես արա, որ ոչ ոք չիմանա, թե ես քեզ հաց եմ տալիս,— խնդրեց փեսան։

— Խոստանում եմ, բայց շուտով կհասնի մահը, և դու կազատվես երկու օրից,— շարունակեց Հովնաթանը խաղաղությամբ և աչքերի արտակարգ փայլով։

Մարգարիտի ամուսինը նորից փաթաթվեց նրան և ասաց.

— Ներիր ինձ։

Հովնաթանը ժպտաց՝ ցույց տալու համար իր ներումը և անդորրությունը։


Ի

Երեկոյան Հովնաթանը փոխադրեց իր անկողինը ներքնահարկը։

Գիշերը, մենակ նստած թաց կավի կույտի առաջ, խոսեց այսպես.

«Կավ, հասել է ժամը, որ ես պիտի կերտեմ քեզանով իմ վերջին քերթվածը։ Հալածում է ինձ խավարը։ Խավարը նույնպես մարդկային թշվառությունն է։ Երբ կոտրատում են լուսատու