Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/223

Այս էջը հաստատված է

լապտերը, չոքում է խավարը։ Կավ, դու ես ամեն բանի նախանյութը, դու ես նախաձևը, դու ես, որ բոսորացնում ես վարդը, դու ես, որ բարձրացնում ես ծառերը և բաշխում ես ճյուղերից երփներանգ մրգերը, դու ես, որ բաշխում ես հացը, դու ես, որ կերպարանափոխվում ես, հար և հավիտյան, բյուրավոր սքանչելի ձևերով, դու ես, որ էիր, կաս և պիտի լինես, տուր ինձ քո ընդերքի անիմանալի և անհաղթելի ուժր»։

Արվեստագետը խոսում էր բարձրաձայն, և նրա ձայնը կարծես բխում էր հոգու արևային հատակից կեսգիշերի մենակության և մթության մեջ։

Եվ հանկարծ նրա աչքին, ինչպես հրաշալի տեսիլք, ինչպես մութի արգանդից հառնող լույսի զվարթ մի շող, պարզվեց ու բարձրացավ մի նոր ստեղծագործության ծրագիր։

Նա հարձակվեց կավի քաոսային կույտի վրա և սկսեց արագ, տենդագին ու հափշտակությամբ ձևավորել այդ տեսիլքը՝ մինչև բողոքեցին նրա հոգնած ոսկորները։

Երբ նա երկարեց անկողնում և քաշեց վերմակը վրան, նրան թվաց, որ ընկղմվեց մի խոնավ նկուղի մեջ։ Անկողինը թաց էր, որովհետև ներքնահարկը չափազանց խոնավ էր, մանավանդ միշտ թրջած քանակությամբ կավի գոյությունից։

Առավոտյան Մարգարիտը նախաճաշ բերեց։ Հովնաթանը, երբ բաց արավ աչքերը և տեսավ քրոջը, որ նայում էր իրեն գորովանքով, ժպտաց։ Մարգարիտին թվաց, որ նրա կապույտ աչքերից բացվեց այգը։

Օրը բոլոր Հովնաթանն աշխատեց։ Ավելի և ավելի էր ձևավորվում նրա տեսիլքը, ահա մի բլուր, բլրի մի կողքին՝ ծերունիներ, կանայք, աղջիկներ և երիտասարդներ, որոնց սրունքներին փաթաթված են ահաբեկված մանուկներ, մի քանի կանայք ծծկեր, երեխաներով, բոլորն էլ ցնցոտիապատ։ Մանուկները մերկ, բոլորն էլ հողմածեծ և հալածական, մազերը մրրիկից գզգզված՝ դիմում են դեպի բլրի գագաթը, իսկ բլրի գագաթը բարձրանում էր մի ամեհի մարդ՝ ջահը ձեռքին։ Բոլոր ֆիգուրաներն էլ ձգտում էին դեպի այդ ջահը։

Հովնաթանն աշխատում էր արագ և տենդագին, որովհետև նրա առողջությունը դառնում էր սպառնալից, նա